AM
31 Հուլիս 2025 - 06:49 AMT

Պետրոսյանը ՀԷՑ-ում մի շարք գնումներ է կասեցրել՝ ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվով

ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ընկերությունում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ՝ ընդհանուր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով:

«Հիմք ընդունելով Էներգետիկայի մասին ՀՀ օրենքի 52.1 հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը, ինչպես նաև նշյալ հոդվածի 3-րդ կետը, որով սահմանվում է, որ Ժամանակավոր կառավարչի նշանակմամբ և նրա գործունեության ամբողջ ընթացքում նրան են անցնում լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները, Ժամանակավոր կառավարչի նախաձեռնությամբ Ընկերությունում չեղարկվել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի կարիքների համար մինչ այս նախաձեռնված չորս գնումների գործընթացներ:

Ըստ ներկայացված հաղորդագրության՝ գործընթացների դադարեցումն պայմանավորված է եղել ՀԷՑ-ում դրանց կապակցությամբ ի հայտ եկած մի շարք կառուցվածքային անխախտություններով, այդ թվում՝ խտրական տեխնիկական բնութագրերով, սահմանափակ ընդգրկմամբ, թափանցիկության պակասով և գնահատման ոչ օբյեկտիվ մեթոդներով։

Նշված գնումներով ընկերությունն առաջ էր քաշել նպատակ՝ ներդրումային ծրագրի շրջանակում ձեռք բերել համապատասխան էլեկտրատեխնիկական սարքավորումներ, հաշվիչներ, մալուխներ, ինչպես նաև որոշ ծառայություններ՝ տարբեր լոտերով։

Ներկայումս, ժամանակավոր կառավարիչի հանձնարարությամբ, ընթացքի մեջ են սարքավորումների ու նյութերի ձեռքբերման նպատակով նոր գնումների ձևավորման գործընթացները՝ միաժամանակ մշակվում են այնպիսի գործիքներ, որոնք երաշխավորում են այդ գործընթացների թափանցիկությունը, արդարությունը և լայն ընդգրկվածությունը։

Գնման ամբողջ համակարգն վերանայվում է համակարգային մոտեցմամբ, և այդ աշխատանքների ավարտից հետո միայն ընկերությունը կանցնի նոր գնումների՝ խստորեն պահպանելով ՀՀ օրենսդրական և իրավական պահանջները։

Գնման ընթացակարգերի ժամանակավոր դադարեցումն այս պահին համադրվում է տեխնիկական և էներգետիկ բնագավառներում անհետաձգելի և առաջնահերթ համարվող կարիքների հետ՝ ներառյալ միջնաժամկետ հեռանկարում ծրագրված աշխատանքները։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտնում է, որ Ընկերության կարիքների համար նախատեսվող գնումների գործընթացները կմեկնարկեն ըստ պլանավորված ժամանակացույցի՝ սկսած ս.թ.-ի օգոստոսի առաջին տասնօրյակից»,- ասվում է հաղորդագրությունում։

Հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ելնելով կառավարության հաղորդումից, վարույթ է նախաձեռնել ՀԷՑ-ի նկատմամբ և ընկերության ժամանակավոր կառավարիչ է նշանակել պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին, որը կադրային փոփոխություններ է արել ղեկավար կազմում։

Հուլիսի 23-ին գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը տեղեկացրել է, որ նրա ընտանիքն արբիտրաժային հրատապ գործով հաղթել է ՀՀ կառավարության դեմ։ Ի պատասխան՝ գործադիր մարմինը արձագանքել է միջազգային դատարանի վճռին՝ շեշտելով, որ բոլոր սուբյեկտները պետք է առաջնորդվեն ինչպես ՀՀ օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային պայմանագրերով, որոնք սահմանում են արբիտրաժային ակտերի ճանաչման ու կիրարկման կանոնները։