Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել որոշակի պայմանների կատարման դեպքում։ Նա հավելել է, որ դա տեղի կունենա, եթե ստորագրվի կամ նախաստորագրվի կայուն խաղաղության համաձայնագիր ՀՀ և Ադրբեջանի միջև և «կատարվեն Զանգեզուրի միջանցքի հետ կապված պայմանները»։
Դիվանագետը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է դիտարկել որպես փոխկապակցված, հայտնում է APA-ն։
«Երկու կարգավորման գործընթացները ընթանում են զուգահեռ։ 2022 թվականին նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի համար։ Հայտնի է, որ Թուրքիայի և Հայաստանի սահմանը փակ է 1993 թվականից՝ ադրբեջանական տարածքների օկուպացիայի պատճառով։ Հայաստանը ելք չունի դեպի ծով, և դրանից ամենաշատը տուժում է հայ ժողովուրդը։
Հայաստանը սահմանակցում է Ադրբեջանին ու Թուրքիային արևելքում և արևմուտքում, այդ սահմանները փակ են։ Այս խաղաղությունից բոլորը կշահեն, բայց առավելագույնս կշահի Հայաստանը։ Մենք ցանկանում ենք արագացնել կարգավորման գործընթացը։
Եթե ստորագրվի կամ նախաստորագրվի կայուն խաղաղության համաձայնագիր և կատարվեն Զանգեզուրի միջանցքի հետ կապված պայմանները, ապա թուրք-հայկական սահմանը կարող է բացվել համապատասխան ժամանակին՝ Անկարայի և Բաքվի միջև խորհրդակցությունների արդյունքում։ Դա կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա կարգավորման գործընթացը»,-ասել է Թուրքիայի դեսպանը։
Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և անվտանգ կապ Ադրբեջանի տարածքների միջև։ Այդ հարցն, ըստ նրա, արծարծվել է նաև Աբու Դաբիում ՀՀ վարչապետի հետ կայացած հանդիպմանը։ Նաև հավելել է, որ իրենց տարածքում չեն լինի «օպերատոր, տարածքի վարձակալություն կամ վարձույթ»։
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, ընդգծել է, որ ՀՀ–ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու «Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը»։ Նա նշել է նաև, որ որ «Ալիևի այն հայտարարությունը, թե ադրբեջանցիները չպետք է հանդիպեն ՀՀ սահմանապահի, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից»։






