AM
31 Հուլիս 2025 - 15:04 AMT

Զատուլին․ Ստեփանակերտում Այվազովսկու հուշարձանի քանդումը պետական վանդալիզմի օրինակ է

ՌԴ Դաշնային խորհրդի՝ ԱՊՀ գործերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Ստեփանակերտում հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդումը պետական վանդալիզմի օրինակ է։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում:

Նա բնութագրել է դա որպես «բարբարոսական գործողություն»՝ ընդգծելով որ Այվազովսկին ոչ միայ Ռուսական կայսրության նկարիչ էր, այլև համաշխարհային գեղանկարչության հանճար։

Զատուլինը նշել է, որ նրանք, ովքեր այժմ ակտիվ պայքար են մղում Արցախի հայկական մշակութային ներկայության դեմ, վաղուց չեն սահմանափակվում միայն Այվազովսկու հուշարձանով․ նրա խոսքով, արդեն ոչնչացված են խորհրդային շրջանի զորավարների հուշարձանները Չարդախլու գյուղում, քանդվում են կրոնական օբյեկտներ, ոչնչացվել են տասնյակ խաչքարեր։

Նա նաև հայտնել է, որ պաշտոնական մակարդակով Ադրբեջանում առաջ է տարվում այն խոսույթը, թե իբր ունեցող Ղարաբաղի պատմա-մշակութային հուշարձանները, ներառյալ VI–XII դարի վանքերը, հայկական չեն։

«Սա վայրագություն է, որն ուզում են արդարացնել՝ հղում անելով Հայաստանի կամ Ռուսաստանի հետ քաղաքական հակամարտություններին։ Երկրի ղեկավարությունը կամ աչք է փակել կատարվողի վրա, կամ բացահայտորեն խրախուսում է», — ավելացրել է պատգամավորը։

Ավելի վաղ Արցախի տուրիզմի և մշակույթի զարգացման գործակալությունը հայտնել էր, որ 2021 թվականին Ստեփանակերտում տեղադրված հուշարձանը քանդվել է։

Արցախի տուրիզմի և մշակույթի զարգացման գործակալությունը քանդումը որակել է տարածաշրջանում հայ մշակութային հետքի վերացման քաղաքականության ևս մեկ օրինակ։ Գործակալությունը հայտարարել է, որ շարունակելու են գրանցել նման դեպքերը՝ հուսալով, որ միջազգային հանրությունը կհաղորդի համապատասխան գնահատական։