AM
1 Օգոստոս 2025 - 06:49 AMT

Զախարովան Ստեփանակերտում Այվազովսկու արձանի ոչնչացմանը պատասխանել է նրա կտավների հրապարակմամբ

ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ստեփանակերտում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանի քանդմանն Ադրբեջանի իշխանությունների կողմից արձագանքել է նրա կտավների հրապարակմամբ Տելեգրամի իր ալիքում։

«Այվազովսկու ստեղծագործությունները։ Մի տեղ վերացնում են նրա հուշարձանը, իսկ ես վերացնում եմ նրանց անգրագիտությունը, ովքեր երբեք չեն տեսել նրա նկարները»,–գրել է նա, հայտնում է ՌԲԿ–ն։

ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, անդրադառնալով այդ վայրագությանը, այդ ակտն անվանել է «ցուցադրական ոչ բարեկամական ակցիա Ռուսաստանի նկատմամբ»։

Նա հիշեցրել է, որ արձանը տեղադրվել է 2021–ին ԼՂ–ում ռուս խաղաղապահների կողմից, որոնք այնտեղ էին տեղակայվել նոյեմբերի 9–ի հայտարարությամբ, որի տակ ստորագրել էր նաև Ադրբեջանի նախագահը։

ՌԴ Դաշնային խորհրդի՝ ԱՊՀ գործերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Ստեփանակերտում հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդումը պետական վանդալիզմի օրինակ է։

Այն մասին, որ Ադրբեջանը nչնչաgրել է Ստեփանակերտում տեղադրված հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը, հայտնել էր Արցախի Զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը։

«Հուշարձանի ոչնչացումը հանդիսանում է Արցախում հայկական մշակութային ներկայության համակարգված վերացման հերթական վկայությունը։ Մենք շարունակում ենք փաստել, արձանագրել և հանրայնացնել մշակութային արժեքների ոչնչացման փաստերը՝ համոզված լինելով, որ դրանք չեն մոռացվելու, և միջազգային հանրությունը կձեւակերպի արժանի գնահատական։ Մենք հիշում ենք։ Մենք արձանագրել ենք։ Մենք վերադառնալու ենք»,–ասվում է հրապարակման մեջ։