AM
1 Օգոստոս 2025 - 08:12 AMT

Բաքվում հիստերիա է առաջացրել Ստեփանակերտի հիշատակումը ՏԱՍՍ–ի նյութում․ Կոչ են անում ներողություն խնդրել

Բաքվում հիստերիա է առաջացրել Ստեփանակերտի հիշատակումը ՏԱՍՍ–ի նյութում, որն այդ քաղաքում տեղադրված ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը Ադրբեջանի իշխանությունների կողմից քանդելու մասին էր։

Ադրբեջանի ԱԳՆ–ն դիմել է ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությանը՝ կոչ անելով փոխարինել նյութում օգտագործված Ստեփանակերտ տեղանունն ադրբեջանական «խանքենդիով» և ներողություն խնդրել, գրում է ՌԲԿ-ն։

Ադրբեջանի ԱԳՆ–ն սպառնացել է, որ եթե ռուսական կողմը «չդադարի խեղաթյուրել ադրբեջանական տեղանունները», Բաքուն փոխադարձաբար «կարող է ՌԴ տարածքի որոշ տեղանուններ անվանել դրանց պատմական տարբերակով՝ օրինակ, Կալինինգրադը Կենիգսբերգ կանվանեն, Օրենբուրգը՝ Օրինբոր, Վոլգոգրադը՝ Սարիսու, Գրոզնին՝ Սոլժա–գալա և այլն»։

ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, անդրադառնալով Ստեփանակերտում Ադրբեջանի իշխանությունների կողմից Այվազվոսկու արձանի ոչնչացման փաստին, այդ ակտն անվանել է «ցուցադրական ոչ բարեկամական ակցիա Ռուսաստանի նկատմամբ»։

ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ստեփանակերտում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանի քանդմանն Ադրբեջանի իշխանությունների կողմից արձագանքել է նրա կտավների հրապարակմամբ Տելեգրամի իր ալիքում։

ՌԴ Դաշնային խորհրդի՝ ԱՊՀ գործերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Ստեփանակերտում հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդումը պետական վանդալիզմի օրինակ է։