ՀԷՑ-ը պաշտոնապես կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթացներ՝ միաժամանակ։ Այդ մասին հաղորդել է «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Մինչ այդ՝ գնման առարկաների նախահաշվային արժեքների ճշգրիտ հաշվարկների համար անհրաժեշտ կլինի գնանշման (գնհարցում) գործընթացներ իրականացնել, որին էներգետիկ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների առավելագույն ներգրավումն ապահովելու համար լայն իրազեկման արշավ կիրականացնենք։
Խոսքը մոտ 50 մլրդ ՀՀ դրամ բյուջեով տարեկան Ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքներին (ենթակայանների վերակառուցում և վերազինում, էլեկտրական գծերի կառուցում և այլն) և մի քանի տասնյակ հազար միացումներին վերաբերող նախագծային աշխատանքների գնման մասին է։
Հ.Գ. Հիշեցնեմ՝ նման ծավալի աշխատանքները մինչ այս պահն իրականացվում էին մենաշնորհային դիրք զբաղեցնող ընդամենը մեկ կազմակերպության կողմից՝ իր «թելադրած» գներով, իր «թելադրած» պայմաններով…»,-գրել է Պետրոսյանը։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։
ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։






