AM
1 Օգոստոս 2025 - 13:24 AMT

Իսպանիայի Ալբորայա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Ալբորայա քաղաքն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով երկրի 43-րդ քաղաքը, որ այդ քայլն արել է։

Ալբորայայի քաղաքային խորհուրդը, բաղկացած վեց տարբեր կուսակցություններից, միաձայն հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման հայտարարությունը։ Դրա հիմքում ընկած է եղել Իսպանիայի «Արարատ» հայկական միության ներկայացրած միջնորդությունը, որը խորհրդում ներկայացրել է «Կոմպրոմիս»-ի ներկայացուցիչ Կոնչա Վիյենա Սիեռան, հայտնում է orер.eu-ն։

Հայտարարությունը ստացել է Սոցիալիստական կուսակցության (PSOE), «Կոմպրոմիս» (Compromís), Ժողովրդական կուսակցության (PP), ՎՈՔՍ-ի (VOX), «Ալբորայա ակտուա» (Alboraya actúa) և Ձախ միության (Esquerra Unida-Unides Podem per Alboraya) աջակցությունը։

Վիյենան, ներկայացնելով Ցեղասպանության համառոտ պատմությունը, շեշտադրել է, թե որքան կարևոր է, որ քաղաքը պաշտոնապես ճանաչել է մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը։ Նրա ելույթից հետո մյուս բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները ևս հանդես են եկել խոսքերով՝ դատապարտելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված Ցեղասպանությունը։ Նրանք կարևորել են այն հանգամանքը, որ համաշխարհային հանրությունը պետք է ճանաչի տեղի ունեցածը և Թուրքիան՝ փոխհատուցի հասցված վնասները։

Նիստին ներկա է եղել նաև «Արարատ» հայկական միության ղեկավար Արարատ Ղուկասյանը, ով իր ելույթում շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին։

«Քաղաքական տարաձայնությունները և գույները միավորվում են, երբ խոսքը վերաբերում է մարդկության դեմ հանցագործություններին»,–ասել է նա։

Քաղաքային խորհրդի անդամները հայտնել են, որ պատրաստ են աջակցել Իսպանիայի հայ համայնքին՝ հարցը բարձրացնելու նաև պետական մակարդակով, այդ թվում՝ հասցնելով Իսպանիայի խորհրդարան։