AM
1 Օգոստոս 2025 - 14:48 AMT

Պուտինը՝ Թրամփին․ Հիասթափություններն առաջանում են ավելորդ սպասումներից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալաամում, պատասխանելով լրագրողների հարցերին և ակնարկելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը մի քանի անգամ հիասթափություն է հայտնել ՌԴ–ից, ասել է, որ «բոլոր հիասթափություններն առաջանում են ավելորդ սպասումներից»։

«Ինչ վերաբերում է հիասթափություններին որևէ մեկի կողմից, ապա բոլոր հիասթափությունները ծագում են չափազանց մեծ սպասումներից։ Սա հայտնի ընդհանուր կանոն է։ Բայց հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար անհրաժեշտ է հանգամանալից զրույցներ վարել։ Եվ ոչ հանրության առջև, այլ հանդարտ, բանակցային գործընթացիշրջանակում», – ասել է Պուտինը, գրում է Gazeta.ru-ն։

Նրա խոսքով՝ հենց այդ նպատակով էլ ռուսական կողմը առաջարկել է ստեղծել երեք բանակցային խումբ, որոնք կարող են աշխատել առցանց ձևաչափով։

«Մենք համաձայնել ենք, որ կարող ենք նման բանակցություններ վարել առանց տեսախցիկների, առանց որևէ քաղաքական աղմուկի, հանգիստ մթնոլորտում՝ փնտրելով փոխզիջումներ։ Դրանք դեռ չեն սկսել աշխատանքը, և գործընթացը դեռ չի սկսվել», – հայտնել է նա՝ հավելելով, որ ռուսական իշխանությունների կարծիքով «ընդհանուր առմամբ ուկրաինական կողմի առաջին արձագանքը դրական էր»։

Պատասխանելով ռազմաճակատի իրավիճակի մասին հարցին՝ Պուտինը հայտարարել է, որ ռուսական զորքերը «հարձակվում են մարտական շփման գծի ողջ երկայնքով»։