ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության ներկայացուցիչները՝ վարչության պետ Արշալույս Հարությունյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ հանդիպումներ են ունեցել ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի և նախարարության մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։
Այցի ընթացքում քննարկվել են տնտեսության իրական հատվածի ցուցանիշների կարճաժամկետ կանխատեսումների համակարգի, ինչպես նաև հարկաբյուջետային ռիսկերի գնահատման համակարգի մշակման շրջանակներում կատարված աշխատանքները:
Փորձի փոխանակման ընթացքում հանդիպումներ են անցկացվել ՌԴ ֆինանսների նախարարության բյուջետային քաղաքականության և ռազմավարական պլանավորման դեպարտամենտի տնօրեն Եվգենի Դոմբրովսկու և մակրոտնտեսական քաղաքականության բաժնի պետ Իրինա Գոպտայի հետ:
Քննարկվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում դեռևս մշակման փուլում գտնվող մակրոտնտեսական ցուցանիշների միջնաժամկետ կանխատեսման կիսակառուցվածքային մոդելի (Semi-Structural Gap Model/SSGM) առանձնահատկությունները, ինչպես նաև ՌԴ ֆինանսների նախարարությունում նախատեսվող մոդելային համակարգի զարգացման ուղղությունների առանձնահատկությունները։






