AM
5 Օգոստոս 2025 - 08:52 AMT

Գերմանացի պատգամավորը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանից 4 մլն եվրո կաշառք ստանալու գործով

Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական միության նախկին պատգամավորԷդուարդ Լինտներին՝ ընտրված պաշտոնյաներին կաշառելու մեղադրանքով, որը հայտնի է որպես «Ադրբեջանի գործ»։ Դատավճռով նրան սահմանվել է ինը ամսվա ազատազրկում, սակայն այդ պատիժը կասեցվել է։ Դատական գործընթացը շարունակվել է մոտ վեց ամիս, հայտնում է Panorama.am-ը ZDF-ի վրա հղումով։

Ըստ մեղադրանքի՝ Լինտներն իր քաղաքական գործունեությամբ նպաստել է ադրբեջանամետ դիրքորոշումների տարածմանը։

Մյունխենի դատախազությունն ընդգծել է, որ Լինտներn ադրբեջանական ֆինանսական միջոցներով փորձել է կաշառել այլ քաղաքական գործիչների։ Նա ընդունել է, որ նպատակ է ունեցել ապահովել ադրբեջանամետ քվեարկություն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)։

Տեղեկությունների համաձայն՝ 2008- 2016 թվականների ընթացքում Lինտները ստացել է մոտ չորս միլիոն եվրո՝ մի շարք կեղծ ընկերությունների միջոցով։ Նախկին պատգամավորը mwt 33 տարի պաշտոնավարել է Գերմանիայի Բունդեսթագում և մինչ 2010 թվականը եղել է ԵԽԽՎ անդամ։

Սոցիալ-դեմոկրատական միության մեկ այլ ներկայացուցիչ՝ Մեքլենբուրգ-Արևմտյան Պոմերանիայից ընտրված Կարին Շտրենցն էլ հայտնվել է նույն գործով կաշառակերության կասկածյալների շարքում։ Նա նույնպես ԵԽԽՎ անդամ էր և հայտնի էր որպես Ադրբեջանի շահերի պաշտպան։ Նրա անունը կապվում է քվեարկության հետ, որի ժամանակ նա դեմ է արտահայտվել Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցին։

Ադրբեջանը դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ 2001 թվականի հունվարից՝ միանալով մի կառույցի, որի հիմնական արժեքներն են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության ամրապնդումն ու օրենքի գերակայության խթանումը։ Այդ անդամակցությունից հետո պաշտոնական Բաքուն պարբերաբար փորձեր է կատարել ազդել վեհաժողովի քվեարկությունների արդյունքների վրա՝ իր օգտին։