ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը՝ NASA-ն, պատրաստվում է արագացնել մինչև 2030 թվականը Լուսնի վրա միջուկային ռեակտոր տեղադրելու ծրագիրը, ըստ ամերիկյան լրատվամիջոցների։ Սա հանդիսանում է ԱՄՆ-ի ջանքերի մաս՝ լուսնի վրա մարդկանց համար մշտական բնակավայր հիմնելու նպատակով։ Politico-ի հաղորդմամբ՝ NASA-ի ժամանակավոր ղեկավարը հղում է արել Չինաստանի և Ռուսաստանի նմանատիպ ծրագրերին՝ զգուշացնելով, որ այդ երկու երկրները «կարող են հայտարարել մի հատված որպես արգելված գոտի» լուսնի վրա։
Սակայն մնում են կասկածներ ծրագրի իրագործելիության և ժամանակացույցի իրատեսական լինելու վերաբերյալ՝ հաշվի առնելով NASA-ի վերջին բյուջետային կրճատումները, և որոշ գիտնականներ անհանգստություն են հայտնում, որ այս նախաձեռնությունը ղեկավարվում է աշխարհաքաղաքական նպատակներով, գրում է BBC-ն։
ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը և Ճապոնիան արագացնում են լուսնի հետազոտությունները, իսկ մի քանիսը մշտական բնակավայրեր կառուցելու ծրագրեր ունեն։ ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին, որը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ժամանակավորապես նշանակվել է NASA-ի ղեկավար, NASA-ին ուղղված նամակում, ըստ New York Times-ի, գրել է. «Այս կարևոր տեխնոլոգիան պատշաճ կերպով զարգացնելու, ապագա լուսնային տնտեսությանը աջակցելու, Մարսում բարձր հզորությամբ էներգիա արտադրելու և տիեզերքում մեր ազգային անվտանգությունը ամրապնդելու համար, անհրաժեշտ է, որ գործակալությունը արագ գործի»։
Նա առաջարկություններ է պահանջել առևտրային ընկերություններից՝ կառուցելու ռեակտոր, որը կկարողանա արտադրել առնվազն 100 կիլովատ հզորություն։
Սա համեմատաբար փոքր ցուցանիշ է․ սովորական ցամաքային քամու տուրբինը արտադրում է 2–3 մեգավատ։ Այնուամենայնիվ, այն համապատասխանում է NASA-ի ռազմավարությանը։ Լուսնի վրա միջուկային ռեակտոր կառուցելու գաղափարը նոր չէ։ 2022-ին NASA-ն երեք ընկերությունների հետ 5 միլիոն դոլարանոց պայմանագրեր է կնքել՝ ռեակտորի նախագծման համար։ Իսկ այս տարվա մայիսին Չինաստանը և Ռուսաստանը հայտարարել են, որ նախատեսում են 2035-ին լուսնի վրա կառուցել ավտոմատացված միջուկային էլեկտրակայան։
Շատ գիտնականներ համակարծիք են, որ դա կլինի շարունակական հոսանք ապահովելու լավագույն կամ գուցե միակ միջոցը։ Լուսնային մեկ օրը հավասար է չորս երկրային շաբաթի՝ կազմված երկու շաբաթվա շարունակական արևի և երկու շաբաթվա խավարի։ Սա արևային էներգիայի վրա ապավինելը շատ դժվար է դարձնում։
Սարիի համալսարանի տիեզերքի կիրառումների, հետազոտությունների և գործիքների ավագ դասախոս Դոկտոր Սոնգու Լիմը նշում է. «Նույնիսկ փոքր անձնակազմ ունեցող համեստ լուսնային կացարան կառուցելը պահանջում է մեգավատների հզորությամբ էներգիա։ Միայն արևային վահանակներն ու մարտկոցները չեն կարող հուսալիորեն ապահովել այդ պահանջները։ Միջուկային էներգիան ոչ միայն ցանկալի է, այլ անխուսափելի»։
Լանկաստեր համալսարանի երկրաբանական և մոլորակային գիտությունների պրոֆեսոր Լիոնել Ուիլսոնը կարծում է, որ տեխնիկապես հնարավոր է մինչև 2030 թվականը ռեակտորներ տեղադրել լուսնի վրա, «եթե ներդրվեն բավարար միջոցներ», և ընդգծում է, որ փոքր ռեակտորների նախագծեր արդեն առկա են։ Նա ավելացնում է, որ ամենակարևորն այն է, թե արդյոք հնարավոր կլինի իրականացնել բավարար Artemis թռիչքներ՝ լուսնի վրա ենթակառուցվածքը կառուցելու համար։
Սակայն կան անվտանգության հետ կապված հարցեր։ «Օփեն Յունիվերսիթիի» մոլորակային գիտությունների մասնագետ դոկտոր Սիմեոն Բարբերը նշել է․ «Ռադիոակտիվ նյութ տեղափոխելը Երկրի մթնոլորտով՝ կապված է անվտանգության հարցերի հետ։ Դրա համար հատուկ արտոնագիր է պահանջվում, սակայն դա անլուծելի չէ»։
Դաֆիի այս ուղերձը անակնկալ էր՝ հաշվի առնելով NASA-ում վերջին շրջանի ճգնաժամը՝ երբ Թրամփի վարչակազմը հայտարարել է NASA-ի 2026 թ. բյուջեի 24% կրճատման մասին։
Կրճատումների թվում են մի շարք գիտական ծրագրեր, օրինակ՝ Mars Sample Return առաքելությունը, որը նպատակ ունի Մարսի մակերեսից նմուշներ բերել Երկիր։
Գիտնականներն անհանգստացած են նաև, որ այս հայտարարությունը մղված է միջազգային նոր մրցակցության քաղաքական նպատակներով։
Դաֆիի այն դիտարկումը, որ Չինաստանը և Ռուսաստանը կարող են «հայտարարել արգելված գոտիներ» լուսնի վրա, կապված է Artemis համաձայնագրի հետ։
2020 թվականին յոթ պետություն ստորագրել են այս համաձայնագիրը՝ սահմանելու այն սկզբունքները, թե ինչպես պետք է երկրները համագործակցեն լուսնի մակերեսին։ Համաձայնագիրը ներառում է այսպես կոչված անվտանգության գոտիներ՝ լուսնի վրա կառուցված ենթակառուցվածքների և օբյեկտների շուրջ։
Դոկտոր Բարբերը բացատրում է․ «Եթե դուք կառուցում եք միջուկային ռեակտոր կամ որևէ բազա լուսնի վրա, ապա կարող եք պնդել, որ այդ տարածքը անվտանգության գոտի է, քանի որ այնտեղ սարքավորումներ ունեք»։
NASA-ի Artemis 3 ծրագիրը նախատեսում է մարդ ուղարկել լուսնի մակերես՝ 2027 թվականին, սակայն այն բախվել է մի շարք դժվարությունների ու ֆինանսավորման անորոշության։






