Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը՝ ՀՖՖ-ի հետ փոխադարձ համաձայնությամբ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է իր խորին երախտագիտությունը Սխիպին ու նրա թիմին ցուցաբերած պրոֆեսիոնալ աշխատանքի և անմնացորդ նվիրման համար։
ՀՖՖ-ն ընտրել է նոր ռազմավարություն և որոշում է կայացրել առաջիկա տարվա ընթացքում անցնել տեղացի մասնագետների վրա հիմնված մարզչական կառուցվածքի։
«Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց ես հարգում եմ ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը։ Ես հպարտ եմ կարճ ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին, աշխատակազմին և ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին վստահության և համագործակցության համար։ Մաղթում եմ թիմին միայն հաջողություններ առաջ շարժվելիս»,- նշել է Ջոն վան’ տ Սխիպը։
Ազգային հավաքականը կգլխավորի Եղիշե Մելիքյանը։
46-ամյա մասնագետի թեկնածությունն արժանացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հավանությանը:
Եշիշե Մելիքյանիհետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր:
Խոսելով իր նշանակման մասին՝ Եղիշե Մելիքյանն ասել է. «Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը:Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի:Այս պահին ժամանակն էհամատեղելու ուժերը: Ես կոչ եմ անումֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ»:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով Եղիշե Մելիքյանի նշանակմանը, նշել է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը: Մենք շնորհակալ ենք Ջոն վան’ տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, ով շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել է երկար ճանապարհ՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստից մինչև վերջին տարիներին հայկական ակումբային ֆուտբոլում կրկնակի չեմպիոնություն նվաճածմարզիչ:
Լիահույս ենք, որ ՀՖՖ աշխատակազմի և Եղիշե Մելիքյանի համագործակցության և ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը կկարողանա հասնել լավ արդյունքների: Կարծում եմ, որ համախմբման և միասնականության շնորհիվ մենք կկարողանանք քայլ առաջ կատարել»:






