Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով Եղիշե Մելիքյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու որոշմանը, հայտարարել է, որ ՀՖՖ-ն որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը, հայտնում է ՀՖՖ-ն։
«Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, ով շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել է երկար ճանապարհ՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստից մինչև վերջին տարիներին հայկական ակումբային ֆուտբոլում կրկնակի չեմպիոնություն նվաճած մարզիչ:
Լիահույս ենք, որ ՀՖՖ աշխատակազմի և Եղիշե Մելիքյանի համագործակցության և ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը կկարողանա հասնել լավ արդյունքների: Կարծում եմ, որ համախմբման և միասնականության շնորհիվ մենք կկարողանանք քայլ առաջ կատարել»,- ասել է Մելիքբեկյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը՝ ՀՖՖ-ի հետ փոխադարձ համաձայնությամբ:Ազգային հավաքականը կգլխավորի Եղիշե Մելիքյանը: Նրա հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր:






