AM
7 Օգոստոս 2025 - 09:25 AMT

«Մարսի» ու «Մերգելյանի» տարածքում գործող «Ալյանս» ազատ տնտեսական գոտին կլուծարվի

«Մարսի» ու «Մերգելյանի» տարածքում գործող «Ալյանս» ազատ տնտեսական գոտին կլուծարվի: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում:

Այս գոտին ստեղծվել է 2013 թվականի հուլիսի 18-ին ընդունված որոշմամբ և սկսել է գործել 2013–ի օգոստոսի 14-ից՝ նախատեսված 10 տարվա ժամկետով։

Նախատեսված ժամկետի ավարտից հետո «Ալյանս» ԱՏԳ-ի գործունեությունը մեկական տարով երկարաձգվել է 2023 և 2024 թվականներին, հայտնում է Sputnik Արմենիան։

Գոտու հիմնական գործառույթները ներկայացված են եղել որպես արդյունաբերական և տեխնոլոգիական ոլորտներում գործունեություն՝ հիմնված կազմակերպության կողմից հայտարարված ուղղությունների վրա։

Քանի որ այս տարի լրացել է նաև երկրորդ երկարաձգման ժամկետը, կազմակերպությունը ներկայացրել է հերթական հայտ՝ «Ալյանս» ԱՏԳ-ի գործունեությունը 2025-ից մինչև 2035 թվականները երկարաձգելու նպատակով՝ կցելով զարգացման բիզնես ծրագիր։

Ծրագիրը ուղարկվել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին։ Վերջինս այն գնահատել է՝ կազմելով միջին թվաբանական գնահատական՝ 60.83 միավոր։ Սակայն գնահատականների կազմում արձանագրվել է, որ երեք անդամ ծրագրին տվել են 60 միավորից ցածր գնահատական։

Ըստ գործող կարգավորումների, եթե առնվազն երեք անգամ նախագծին տալիս են անցողիկ շեմից ցածր գնահատական, ապա ծրագրին տրվում է բացասական եզրակացություն։

Այսպիսով, միջգերատեսչական հանձնաժողովը որոշել է մերժել «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը 10 տարով երկարաձգելու հայտը, ինչի արդյունքում գոտին լուծարվելու է։