AM
7 Օգոստոս 2025 - 11:37 AMT

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈւԵՖԱ-ի ստանդարտներին

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈւԵՖԱ-ի ստանդարտներին։ Կառավարությունն օգոստոսի 7-ի նիստում հավանություն է տվել անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջն անհետաձգելի համարելու և այդ նպատակով գնման գործընթացը «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով կազմակերպելու մասին որոշման նախագծին։

Հիմնավորման մեջ ընդգծվել է, որ անհրաժեշտությունը բխում է 2029 թվականին Հայաստանում ֆուտբոլի երիտասարդական աշխարհի առաջնություն անցկացնելու ծրագրից, հայտնում է Արմենպրեսը։

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել մրցաշարը կազմակերպելու համար, և ՈւԵՖԱ-ն հաստատել է, որ մի շարք եվրոպական ասոցիացիաներ աջակցել են Հայաստանի դիմումին։ Սակայն հայտի վերջնական հաստատման համար անհրաժեշտ է ապահովել առաջնության անցկացման տեխնիկական պայմանները։

Գլխավոր պահանջներից է՝ ունենալ առնվազն մեկ ՈւԵՖԱ 4-րդ կարգի մարզադաշտ։ Նման մարզադաշտեր ունենալու նպատակն ընդգրկվել է ՀՀ կառավարության 2023թ․ դեկտեմբերի 7-ի որոշման մեջ, որով սահմանվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման ռազմավարությունն ու գործողությունների պլանը՝ նախատեսված 2024-2030 թվականների համար։

Ըստ հաստատված պլանի՝ նախատեսվել է երեք նոր մարզադաշտի կառուցում, այդ թվում՝ մեկ ազգային և երկու մարզային մարզադաշտ՝ յուրաքանչյուրն առնվազն 10,000 նստատեղով։ Ազգային մարզադաշտը նախատեսվում է կառուցել «Ակադեմիական քաղաք» նախաձեռնության շրջանակում։ Մյուս մարզադաշտերից մեկի համար, երկարաժամկետ քննարկումների և վերլուծությունների արդյունքում, ընտրվել է Վանաձոր քաղաքը։

Վանաձորում առկա է չշահագործվող մարզադաշտ՝ 3000 տեղով, որը կվերակառուցվի և կընդլայնվի՝ նոր տրիբունայի կառուցմամբ։ Նախագծման ամբողջական փուլը նախատեսվել է ավարտել ութ ամսում։ Քանի որ նախագիծը ենթակա է ինչպես պարզ քաղաքաշինական, այնպես էլ պետական համալիր փորձաքննության, շինարարական աշխատանքների մեկնարկը նախնական հաշվարկներով հնարավոր կլինի 2026թ․ հունիսին։

Երկու ընկերությունների ներկայացրած առաջարկների համաձայն՝ շինարարական փուլը կտևի մոտ 24 ամիս։