Վաշինգտոնում գործող և Հարավային Կովկասի իրադարձությունները լուսաբանող լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն X սոցիալական ցանցում հրապարակել է ԱՄՆ կառավարության իր աղբյուրների տվյալներով փաստաթղթերի այն ցանկը, որոնք նախատեսվում է ստորագրել ԱՄՆ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից։
Նրա խոսքով՝ Սպիտակ տանը կայանալիք հանդիպման ընթացքում կներկայացվի «Թրամփի երթուղի» կոչվող տրանսպորտային ենթակառուցվածքի նախագիծը, որը միացնելու է Հայաստանն ու Ադրբեջանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Ըստ նրա՝ երկրների ղեկավարները պատրաստվում են ստորագրել հետևյալ փաստաթղթերը․
Համատեղ հռչակագիր
Սա այն հիմնական փաստաթուղթն է, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Իլհամ Ալիևը կստորագրեն ԱՄՆ նախագահի միջնորդությամբ։ Նրա նպատակը «խաղաղության անդառնալի ուղու» ձևավորումն է՝ շեշտը դնելով ոչ թե պատերազմը կանխելու, այլ կայուն խաղաղություն ստեղծելու վրա։
Խաղաղության համաձայնագրի նախաստորագրում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախնական ստորագրություն կդնեն այն համաձայնագրի տակ, որի մշակման վրա աշխատանքներ են տարվել վերջին 4-5 ամիսների ընթացքում։ Այս քայլը խորհրդանշում է երկու կողմերի հավատարմությունը պայմանավորվածություններին։
Նամակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին
Արտաքին գործերի նախարարները կստորագրեն նաև համատեղ նամակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու վերաբերյալ՝ փաստարկելով, որ այդ ձևաչափն արդյունավետ չի եղել բախումները կանխելու հարցում։
Երկկողմ հուշագրեր՝ ԱՄՆ-ի հետ
Բացի հայ-ադրբեջանական համաձայնագրերից՝ ԱՄՆ-ն առանձին ստորագրելու է հետևյալ փաստաթղթերը․
Հայաստանի հետ հուշագիր՝ «հարաբերությունների վերամեկնարկի և խորացման» նպատակով։
Ադրբեջանի հետ հուշագիր՝ «նոր ոլորտներում համագործակցության մեկնարկի» նպատակով։
Ռաուֆօղլուի խոսքով՝ «միջանցքը այլևս գոյություն չունի»։ Գագաթնաժողովի առանցքում կլինի «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նոր նախագիծը։
TRIPP-ը գլխավոր համաձայնագիր է՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև՝ միացյալ ձեռնարկության ստեղծման նպատակով, որը նախատեսում է տրանսպորտային ճանապարհի կառուցում Հայաստանի հարավային հատվածով։ Այս երթուղին առանց խոչընդոտների կտրամադրի Ադրբեջանին մուտք իր հիմնական տարածքից դեպի Նախիջևան։
Նախագծի առանձնահատկությունն այն է, որ այն զուտ առևտրային է և ոչ ռազմական կամ անվտանգության հետ կապված։ ԱՄՆ-ն չի տեղակայելու զորքեր, սակայն առևտրային պայմանագրերի միջոցով «առաջատար օպերատորների» հետ կապահովի երթուղու անվտանգ շահագործումը։
Այս նախագիծը դիտարկվում է որպես ամբողջ «Միջին միջանցքը» վերափոխելու հնարավորություն՝ նպաստելով տարածաշրջանում ու Եվրոպա ուղղվող առևտրի, էլեկտրաէներգիայի, նավթի, գազի և օպտիկամանրաթելային կապի փոխադրմանը։
Սպիտակ տանը ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը սպասվում է օգոստոսի 9-ին, Երևանի ժամանակով՝ կեսգիշերին։
Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 7-8-ը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում նա նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության խորացման նպատակով։






