AM
7 Օգոստոս 2025 - 13:48 AMT

Reuters․ «Թրամփի ուղին» կգործի ըստ ՀՀ օրենսդրության, ԱՄՆ-ն բացառիկ իրավունքներ կստանա դրա նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որոնք Սպիտակ տանը ստորագրելու են խաղաղության համաձայնագիրը, հայտնում է Reuters-ը՝ երկու աղբյուրի վրա հղումով, որոնք չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն։

Պաշտոնյաների խոսքով, փաստաթղթի մանրամասն բանակցված բաժնում Հայաստանը ԱՄՆ–ին կտա տարանցման միջանցքի զարգացման բացառիկ իրավունքներ տևական ժամանակով, սակայն, հայտնի չէ, թե կոնկրետ ինչ ժամանակահատվածով։ Այն կոչվելու է «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար», և հայտնի կլինի TRIPP հապավումով։

Նշվում է, որ «երթուղին շահագործվելու է ըստ Հայաստանի օրենսդրության, իսկ ԱՄՆ–ն տարածքը կհանձնի ենթավարձակալության կոնսորցիումին՝ ենթակառուցվածքների և կառավարման համար»։

«Այս քայլը կբացահայտի տարածաշրջանն առևտրային տեսանկյունից և կկանխի հետագա ռազմական գործողությունները», – ասել է պաշտոնյաներից մեկը։

Ալիևն ու Փաշինյանը նաև փաստաթուղթ կստորագրեն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին, որը համահիմնադրել է 1992 թվականին Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ կողմից, որոնք հանդես են եկել որպես միջնորդ։

Ըստ պարբերականի, հայ-ադրբեջանական հարցի շուրջ առաջընթացը սկսվել է մարտ ամսին, երբ ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆն այցելել էրտարածաշրջան:

Վաշինգտոնում գործող և Հարավային Կովկասի իրադարձությունները լուսաբանող լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն X սոցիալական ցանցում հրապարակել է ԱՄՆ կառավարության իր աղբյուրների տվյալներով փաստաթղթերի այն ցանկը, որոնք նախատեսվում է ստորագրել ԱՄՆ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից։

Ըստ նրա՝ ստորագրվելու է համատեղ հռչակագիր, նախաստորագրվելու է Խաղաղության համաձայնագիրը, նամակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին, երկրները նաև երկկողմ հուշագրեր են կնքելու ԱՄՆ-ի հետ։