ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ «Նիկոլ Փաշինյանի համար սեփական բարեկեցությունն ավելի կարևոր է, քան երկրի ապագան, նա միշտ է գործել այնպես, որպեսզի անձնական շահ ստանա»։
«Իրավիճակը վաղուց պարզ է. Փաշինյանը սեփական բարեկեցություն ավելի է արժեքավորում, քան Հայաստանի ճակատագիրը։ Հավանաբար, հիմա նա հեշտությամբ կփոխանակի հայկական պետական շահերը ինչ‑որ տեղ ֆլորիդայում վիլլայի հետ»,–ասել է Ժուրավլյովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա նաև նշել է, որ Թրամփի համար վճռորոշ է, որ Հայաստանը և Ադրբեջանը կնքեն խաղաղ համաձայնություն իր միջնորդությամբ:
«Ուստի Փաշինյանին ոսկե լեռներ են խոստանալու, և մեծ է հավանականությունը, որ նա կհամաձայնվի», –ասել է պատգամավորը:
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Փաշինյանը Վաշինգտոնում կանցկացնի երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ինչպես նաև եռակողմ հանդիպում Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, Washington Post–ին ասել է, որ Թրամփի հետ հանդիպմանը հնարավոր է հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին։
Ըստ Reuters-ի, փաստաթղթի մանրամասն բանակցված բաժնում Հայաստանը ԱՄՆ–ին կտա տարանցման միջանցքի զարգացման բացառիկ իրավունքներ տևական ժամանակով, սակայն, հայտնի չէ, թե կոնկրետ ինչ ժամանակահատվածով։ Այն կոչվելու է «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար», և հայտնի կլինի TRIPP հապավումով։






