AM
8 Օգոստոս 2025 - 07:47 AMT

Զուրաբիշվիլի. Թրամփը բանակցում է Փաշինյանի և Ալիևի հետ, շատ վատ է, որ Վրաստանը միայն ՌԴ կողմն է նայում

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմի տարելիցի կապակցությամբ այցելել է Մուխաթգվերդիի եղբայրների գերեզմանատուն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել մարտերում զոհված զինվորականների հիշատակին։

Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ այսօր պայքար է գնում հանուն խաղաղության՝ ԱՄՆ նախագահը բանակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ Վրաստանը միայն ՌԴ կողմն է նայում, ինչը շատ վատ է, գրում է Haqqin.az-ը։

«Այդ պայքարը վարում են Ամերիկան և մեր եվրոպացի գործընկերները։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր Վաշինգտոնում օգոստոսի 7-8-ին, երբ ամերիկացի նախագահը հանդիպեցնում է Փաշինյանին և Ալիևին և նրանց հետ անցկացնում շատ կարևոր խաղաղ բանակցություններ, մեծ նշանակություն ունի այս տարածաշրջանի համար։ Շատ վատ է, որ այս պահին Վրաստանը մեկուսացված է, նայում է միայն Ռուսաստանի կողմն ու գտնվում է միայն նրա ազդեցության տակ։ Այս տարածաշրջանը պետք է լիներ աշխարհի ամենահաջողվածներից մեկը, մենք բացառված ենք այս ամենից»,–ասել է Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլին նշել է, որ «պատերազմը չի ավարտվել 2008 թվականին և այսօր շարունակվում է հիբրիդային պատերազմի ձևով»։

Օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առանձին հանդիպումներին կհաջորդի եռակողմ հանդիպումը։ Թրամփը հայտարարել է, թե Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։ Ստորագրվելու են նաև այլ փաստաթղթեր։