ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրող Ռայմոնդ Արոյոյի հետ զրույցում անդրադարձել է նախատեսված եռակողմ հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։
«Հուսով եմ` այսօր մենք կդնենք խաղաղության համաձայնագրի սկիզբը»,–ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։
Ռուբիոն ասել է, որ նախագահ Թրամփը նվիրված է խաղաղության սկզբունքին՝ նա խաղաղության նախագահ է, ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության կայքում։
Նա նշել է, որ երբ հնդկա-պակիստանական հակամարտությունն է բռնկվել, ԱՄՆ-ն անմիջապես միջամտել է, և նախագահին հաջողվել է ապահովել խաղաղություն այդ հարցում։
Ռուբիոն հիշատակել է նաև Կամբոջայի և Թայլանդի վեճում ԱՄՆ-ի ունեցած դերակատարումը և հույս է հայտնել առաջընթացի վերաբերյալ Ադրբեջան–Հայաստան իրավիճակում՝ հավելելով, որ նախատեսվում է ստորագրել համաձայնագիր, որը կհանդիսանա խաղաղ գործընթացի մեկնարկ։
Նա առանձնացրել է նաև ԱՄՆ միջնորդությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն–Ռուանդա երկարատև հակամարտության մեջ՝ 30 տարվա պատերազմ, որի ընթացքում զոհվել է յոթ միլիոն մարդ։ Նրա խոսքով, կողմերը կարողացել են ԱՄՆ-ում ստորագրել խաղաղության պայմանագիր։ Ռուբիոն ընդգծել է, որ խաղաղությունը չի կարելի համարել ինքնին տրված բան. այդ ուղղությամբ պետք է մշտապես աշխատել։
Օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առանձին հանդիպումներին կհաջորդի եռակողմ հանդիպումը։ Թրամփը հայտարարել է, թե Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։ Ստորագրվելու են նաև այլ փաստաթղթեր։






