AM
8 Օգոստոս 2025 - 09:31 AMT

The Guardian․ Թրամփը պնդում է, որ «պատմական» խաղաղ գործարք է կնքել ՀՀ և Ադրբեջանի միջև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օգոստոսի 8–ին Սպիտակ տանը հյուրընկալելու է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ բնորոշելով հանդիպումը որպես «պատմական խաղաղության գագաթնաժողով», գրում է The Guardian–ը։

Նշվում է, որ Թրամփը նպատակ ունի վերջ դնել երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջև տասնամյակներ տևած թշնամությանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար», գրել է Թրամփը իր Truth Social հարթակում։

«Տասնամյակներ շարունակ հակառակորդ այս երկու պետությունները երկու անգամ պատերազմել են վիճելի Լեռնային Ղարաբաղի համար, որը Ադրբեջանը 2023 թվականին արագ հարձակման արդյունքում նվաճեց հայկական ուժերից, ինչի հետևանքով ավելի քան 100 հազար էթնիկ հայեր լքեցին իրենց տները»,–ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ թեև երկրները մի քանի փուլով բանակցություններ են վարել, այդ թվում՝ անցած ամիս Արաբական Միացյալ Էմիրություններում, մինչ այժմ դրանք հաջող արդյունքի չէին հանգեցրել։

«Այս երկու երկրները շատ տարիներ պատերազմել են՝ հանգեցնելով հազարավոր մարդկանց մահվան։ Շատ ղեկավարներ փորձել են ավարտել պատերազմը, բայց չեն հաջողել, մինչ այժմ։ Իմ վարչակազմը բավական երկար ժամանակ է շփումներ է ունեցել երկու կողմերի հետ»,– նշել է նա՝ գովեստի խոսքեր ուղղելով «այս քաջ առաջնորդներին ճիշտ որոշում կայացնելու համար»։

Թրամփը, որը բազմիցս պնդել է, որ միջազգային հակամարտությունների միջնորդման գործում իր աշխատանքը արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակի, հավելել է, որ Վաշինգտոնը երկկողմ համաձայնագրեր է ստորագրելու «երկու երկրների հետ՝ միասին տնտեսական հնարավորություններ զարգացնելու» նպատակով՝ Հարավային Կովկասի ներուժը բացահայտելու համար։

«ԱՄՆ պաշտոնյաները, որոնց հղում է անում Associated Press-ը, հայտնել են, որ համաձայնագրով Վաշինգտոնին կտրվեն վարձակալական իրավունքներ զարգացնելու այն տրանսպորտային միջանցքը, որը կկոչվի «Trump Route for International Peace and Prosperity» և որը կապելու է Ադրբեջանն իր մասի՝ Նախիջևանի հետ, որից բաժանված է Հայաստանի տարածքի 32 կիլոմետրանոց հատվածով։

Միջանցքով նախատեսվում է ապագայում անցկացնել երկաթուղի, նավթամուղ և գազամուղ, ինչպես նաև մալուխային օպտիկամանրաթելային գծեր՝ հնարավորություն տալով բեռնափոխադրումների և հետագայում՝ ուղևորափոխադրումների համար։ Կառուցումը չի ֆինանսավորվի ԱՄՆ կառավարության կողմից, այլ կիրականացվի մասնավոր ընկերությունների միջոցներով»,–ասվում է հրապարակման մեջ։

Համաձայնագիրը ձեռք է բերվել այս տարվա սկզբին Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆի այցից հետո Բաքու և կողմերի միջև շարունակական բանակցությունների արդյունքում։

Օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առանձին հանդիպումներին կհաջորդի եռակողմ հանդիպումը։ Թրամփը հայտարարել է, թե Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։ Ստորագրվելու են նաև այլ փաստաթղթեր։