AM
8 Օգոստոս 2025 - 12:06 AMT

BBC. ՌԴ–ն ցանկանում էր միակ արբիտրը լինել ՀՀ և Ադրբեջանի միջև, սակայն Թրամփը խլեց նախաձեռնությունը Պուտինից

BBC-Ն գրում է, որ օգոստոսի 8–ին Վաշինգտոնում կայանալիք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը առնվազն մեկ կարևոր եզրակացության է հանգեցնում․ Մոսկվան ուզում էր միակ միջնորդը լինել ՀՀ և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, սակայն Ուկրաինա ներխուժումից հետո կորցրել է իր դիրքերը տարածաշրջանում, և այժմ երկու երկրների ղեկավարները նախընտրում են այդ դերում տեսնել ԱՄՆ-ին։

«Ո՛չ Ալիևը, ո՛չ էլ Փաշինյանը չկարողացան առանձին հանդիպում ունենալ Դոնալդ Թրամփի հետ նրա առաջին նախագահության ժամանակ։ Հարավային Կովկասն առաջնահերթ ուղղություն չի դարձել նաև Թրամփի երկրորդ ժամկետում, երբ վարչակազմը կենտրոնացել է ավելի լայնածավալ նպատակների վրա՝ Ռուսաստանին և Ուկրաինային հաշտեցնել և դադարեցնել Գազայի պատերազմը։

Միայն այն ժամանակ, երբ Սպիտակ տան հիմնական խաղաղարար նախաձեռնությունները արդյունք չտվեցին, Թրամփի ուշադրությունը սևեռվեվ հայ-ադրբեջանական գործընթացի վրա, որտեղ մարտական գործողությունները վաղուց ավարտված են, իսկ խաղաղության պայմանագրի տեքստը արդեն կազմվել և համաձայնեցվել է՝ մնացել է միայն ստորագրել։

Սակայն, բացի պատերազմից հետո կարգավորման մեջ Ռուսաստանին դուրս մղելու խորհրդանշական ժեստից, Վաշինգտոնի բանակցություններից ակնհայտ գործնական օգուտ առայժմ չի նկատվում։ Ալիևը շարունակում է պահանջել, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը մինչև պայմանագրի ստորագրումը։

Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ կողմերը փոխզիջում են գտել այն ճանապարհի հարցում, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ․ «Զանգեզուրի միջանցքի» փոխարեն նախատեսվում է ճանապարհը թողնել Հայաստանի վերահսկողության տակ, սակայն այն կառավարվի ամերիկյան ընկերության կողմից։

Ուրբաթ օրը Վաշինգտոնում սպասվում է միայն խաղաղություն հաստատելու ձգտման վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում։ Ալիևն ու Փաշինյանը նման ձգտման մասին արդեն բազմիցս հայտարարել են, իսկ որոշ փորձագետներ մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ի չափազանց ակտիվ միջամտությունը գործընթացին, որտեղից վերջերս դուրս են մղվել նախկին միջնորդները, կարող է ավելի շատ վնասել, քան օգուտ բերել։

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը Վաշինգտոնի բանակցությունները համարել է Դոնալդ Թրամփի խաղաղարար հանճարի արդյունք, սակայն իրականում դրանց հիմքում եղել է Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների կտրուկ վատթարացումը։ Հուլիսի սկզբին ռուսական ոստիկանության գործողություններից երկու ադրբեջանցու մահը հանգեցրել է վերջին տարիների ամենախոշոր դիվանագիտական ճգնաժամին երկու երկրների միջև, որոնք պաշտոնապես համարվում են դաշնակիցներ։ «Դեմարշը»՝ ինչպես այն բնորոշվել է Կրեմլում, անակնկալի է բերել ռուսական իշխանություններին, որոնք մինչ օրս պատասխան չեն գտել։

Դա դրական ազդանշան է դարձել Ռուսաստանի մեկ այլ ֆորմալ դաշնակցի՝ Հայաստանի համար, որտեղ Մոսկվայի միջնորդական դերը վաղուց ընկալվել է որպես խաղ Ադրբեջանի օգտին։ Նույն ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները ձերբակալել են Հայ առաքելական եկեղեցու երկու եպիսկոպոսների և մի քանի ընդդիմադիր առաջնորդների՝ մեղադրելով պետական հեղաշրջման փորձի մեջ։ Նիկոլ Փաշինյանի շրջապատը ակնարկել է, որ Մոսկվան կանգնած է կազմակերպիչների հետևում։

Սակայն այս դեպքերը՝ ադրբեջանցիների մահը Ռուսաստանում և ընդդիմության ձերբակալությունները Հայաստանում, պարզապես բացահայտել են տարիներով կուտակված դժգոհությունն ու անվստահությունը։ Չնայած բոլոր տարբերություններին՝ երկու երկրների էլիտաները հավասար չափով հոգնել են Մոսկվայի հովանավորչական վերաբերմունքից»,–ասվում է հոդվածում։

Նշվում է, որ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը Ուկրաինա 2022 թվականին սրել է այս զգացողությունը՝ հիշեցնելով ընդհանուր պատմությունը ռուսականացման, ազգային շարժումների ճնշման և թե՛ ԽՍՀՄ-ի, թե՛ ՌԴ-ի դերի մասին Ղարաբաղյան հակամարտությունում, որը և՛ Բաքվում, և՛ Երևանում ապակառուցողական են համարում։ Նշվում է նաև, որ Հայաստանը կախվածությունը Մոսկվայից համարում է ճգնաժամի պատճառ և նպատակ ունի վերականգնել ինքնիշխանությունը, իսկ Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ ինքը Հարավային Կովկասի ամենահզոր բանակով տարածաշրջանային տերություն է և այլևս չի դասվում «մոտակա արտասահմանյան» երկրների շարքում։

«Մոսկվայից հեռացման ֆոնին մերձեցման շրջադարձային պահ է դարձել Ալիև-Փաշինյան Աբու Դաբիի գագաթնաժողովը՝ նրանց պատմության առաջին հանդիպումը առանց միջնորդների և ոչ այլ միջոցառման շրջանակում։ Այն դարձել է մի քանի ամիսների երկկողմ ուղիղ բանակցությունների արդյունք, որոնցում կողմերը քննարկել են վիճելի հարցեր։ Մասնակցել են խորհրդականներ և դիվանագետներ, որոնք մշտական կապի մեջ են եղել, ինչը թույլ է տվել ազատորեն քննարկել լայն թեմատիկ շրջանակ։ Երկու կողմերին մոտ աղբյուրների խոսքով՝ այս ձևաչափի արժեքն այն է, որ կողմերը ճանաչում են միմյանց իրական դիրքորոշումները, այլ ոչ թե ենթադրությունները։

Գագաթնաժողովից առաջ Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցների հռետորաբանությունը Հայաստանի հասցեին նկատելիորեն մեղմացել է՝ սպառնալիքներն ու վերջնագրերը փոխարինվել են էջը շրջելու և խաղաղություն կնքելու կոչերով։ Այս մոտեցումը պահպանվել է նաև հանդիպումից հետո, և հայ քաղաքական գործիչները դադարել են զգուշացնել հարևանի կողմից նոր ռազմական էսկալացիայի վտանգի մասին։

Միևնույն ժամանակ, պատմական հանդիպումը ցույց է տվել, որ նախկին տերության հանդեպ ընդհանուր դժգոհությունը բավարար չէ տասնամյակների թշնամանքն ու ատելությունը հաղթահարելու համար։ Ադրբեջանը շարունակում է պահանջել Հայաստանի սահմանադրության փոփոխություն՝ որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, ինչը ենթադրում է հանրաքվե անորոշ արդյունքով և հետաձգում է պայմանագրի կնքումը առնվազն մինչև 2026 թվականի ամառ։

Չլուծված է մնում նաև Ադրբեջանի հիմնական տարածքն ու Նախիջևանի ինքնավար հանրապետությունը կապող երկաթուղու վերահսկողության հարցը։ Ալիևը պահանջում է միջանցք առանց մաքսային ստուգումների, իսկ Փաշինյանը մերժում է այս տարբերակը՝ այն համարելով Հայաստանի ինքնիշխանության խախտում։ Որպես փոխզիջում քննարկվում է մաքսային ընթացակարգերի փոխանցումը արևմտյան ընկերության, որպեսզի ադրբեջանական բեռները չանցնեն շփում հայկական սահմանապահների հետ, սակայն Հայաստանը շարունակի վերահսկել իր տարածքով անցնող բեռները։

Այս դերին հավակնել է շվեյցարական ընկերություն, որի ներկայացուցիչները բանակցություններ են վարել Բաքվում և Երևանում, հայտնել են Բի-բի-սի-ին մոտ աղբյուրները։ Սակայն առաջարկները չեն բավարարել կողմերից ոչ մեկին։

Հուլիսին թվում էր, թե այս դերը կարող է ստանձնել ԱՄՆ-ն, սակայն տեղեկատվության վաղաժամ արտահոսքից և Թրամփի նշանակյալների ոչ զգուշավոր մեկնաբանություններից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ ամերիկյան առաջարկն իրենց համար անընդունելի է»,–ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ Վաշինգտոնի բանակցություններից առաջ հրապարակված անանուն աղբյուրներով հոդվածները պնդում են, որ ԱՄՆ-ն կարողացել է առաջարկել կողմերին հարմար տարբերակ, սակայն մինչ այն պաշտոնապես չհաստատվի Բաքվում և Երևանում, այս ծրագրերի ձախողման հավանականությունը մնում է բարձր։

Տարածաշրջանային վերլուծաբաններ Ֆիլիպ Գամագելյանն ու Զաուր Շիրիևը գրում են, որ երկու տարվա ուղիղ երկխոսության ընթացքում կողմերը առավել են մոտեցրել դիրքորոշումները, քան մեծ տերությունները՝ 30 տարվա միջնորդական փորձերի ընթացքում։

«Բաքվում և Երևանում նկատվել է իրական շարժ դեպի ինքնիշխան պետությունների միջև հարաբերությունների հաստատում՝ երկար սպասված կտրվածք գաղութային կախվածությունից», — հիշեցնում են նրանք և նախազգուշացնում, որ գործընթացին համաշխարհային գերտերության միանալը կարող է վտանգել այս դինամիկան։

Երկուշաբթի ԱՄՆ կոնգրեսական հանրապետական Ջո Ուիլսոնը հայտարարել է, որ ԱՄՆ պատմության մեջ Դոնալդ Թրամփի նման խաղաղարար նախագահ չի եղել՝ հիշեցնելով, որ նա արդեն հաշտեցրել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը Ռուանդայի հետ, Թաիլանդը՝ Կամբոջայի հետ, և Պակիստանը՝ Հնդկաստանի հետ։

«Ինչպես նշել է գարնանը բարձր պաշտոն զբաղեցնող հայ դիվանագետը՝ անանունության պայմանով, Երևանի հաշվարկը Թրամփի երկրորդ ժամկետում հիմնված է եղել հենց նրա Նոբելյան մրցանակ ստանալու ձգտման վրա։ Երբ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը կրկին փակուղի էր մտել, որոշվել է փորձել ներգրավել ԱՄՆ-ին՝ բանակցությունները տեղից շարժելու համար։ Երևանում հասկացել են, որ Հարավային Կովկասը ինքնին հետաքրքիր չէ ԱՄՆ նախագահին, սակայն կանխատեսել են, որ նա չի կարողանա արագ ավարտել Ուկրաինայի և Գազայի պատերազմները, և այդ դեպքում իրեն որպես բացառիկ խաղաղարար ներկայացնելու այլ առիթ կարող է պետք գալ։

Ադրբեջանում ԱՄՆ-ի ներգրավման հարցն ավելի բարդ էր։ Բաքուն հասել էր իր վաղեմի նպատակին՝ Հայաստանի հետ բանակցություններից բացառելով բոլոր միջնորդներին և դրանք դարձնելով լիովին երկկողմ։ Թրամփին որպես արբիտր ներգրավելը հակասում էր այս սկզբունքին, սակայն միևնույն ժամանակ Բաքուն ցանկանում էր ամրապնդել հարաբերությունները Վաշինգտոնի հետ և հասկանում էր, որ Նոբելյան մրցանակի շուրջ Թրամփի հավակնությունները լավագույն հնարավորությունն են նրա հետ հանդիպելու համար։

Հաշվի առնելով, որ Թրամփի վարչակազմի ամենամեծ հետաքրքրությունը բիզնեսն ու գործարքներն են, կողմերը սկսել են քննարկել տարբերակ, ըստ որի՝ Հայաստանի տարածքով անցնող բեռները կստուգեր ամերիկյան մասնավոր ընկերություն, սակայն այս տեղեկությունը արտահոսել է մամուլում քննարկումների վաղ փուլում, երբ ընդհանուր բանաձևը դեռ չկար։

Վիճակը սրել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարակի մեկնաբանությունը։ Հուլիսին նա առաջարկել է ԱՄՆ-ին տալ Նախիջևանի ճանապարհի վերահսկողությունը՝ Հայաստանի տարածքի այդ հատվածի 100 տարվա վարձակալության պայմանով։ Բարակը՝ ֆինանսիստ և գործարար, առանց դիվանագիտական փորձի, հայ-ադրբեջանական տարաձայնությունները անվանել է «ցեղային» և ակնարկել, որ դրանք պակաս զարգացած հասարակություններ են։

Մի քանի օր անց Թրամփն արդեն հայտարարել է, որ իր օգնությամբ կողմերը մոտեցել են խաղաղության պայմանագրին։ Սակայն Բարակի խոսքերը դժգոհություն են առաջացրել Երևանում, որտեղ նշել են, որ չեն քննարկում հողը վարձակալության տալու հարց և չեն ընդունի երկրի ինքնիշխանությունը խախտող նախագծեր։ Հայաստանի օրենքը նման վարձակալությունը թույլ է տալիս միայն գյուղատնտեսական նպատակներով։

Ադրբեջանական կառավարության տրամաբանությանը լավ ծանոթ աղբյուրի կարծիքով՝ մանրամասներին ուշադրության պակասը, դիվանագիտական փորձի բացակայությունը և Վաշինգտոնի՝ արագ հաղթանակ հռչակելու ցանկությունը կարող են վնասել Նախիջևանի տրանսպորտային միջանցքի բանակցություններին։ Նա նշել է, որ նույնիսկ կողմերի համար ընդունելի մասնավոր ընկերության մաքսային ստուգումների գաղափարը կարող է մերժվել ԱՄՆ-ի անհաջող միջամտության պատճառով։

«Արևմուտքի ներգրավման ցանկացած վերսկսում հազիվ թե լինի նվեր. ամենայն հավանականությամբ, դա կլինի Մոսկվայի ազդեցությունը Վաշինգտոնի ազդեցությամբ փոխարինելու փորձ, ինչը կարող է հանգեցնել հակազդեցության, անկայունության և ի վերջո՝ հետքայլի», — գրում են Շիրիևն ու Գամագելյանը»,–ասվում է հոդվածում։