AM
8 Օգոստոս 2025 - 14:04 AMT

Արա Աբրահամյան․ Փաշինյանը ՀՀ–ին կախվածության մեջ է դնում Թուրքիայից և Ադրբեջանից

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «վասսալական կախվածության մեջ է գցում» երկիրը Թուրքիայից և Ադրբեջանից, այն դեպքում, երբ «Բաքվի ախորժակները մշտապես աճում են»։ Նա այս մասին ասել է՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում սպասվող Երևանի և Բաքվի բանակցությունները, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Նույնիսկ ամենավատ խաղաղությունը միշտ էլ ավելի լավ է, քան պատերազմը։ Սա աքսիոմ է։ Բայց այն փաստը, որ հերթական անգամ գաղտնի ստորագրվում է ինչ-որ փաստաթուղթ, չի կարող չանհանգստացնել հայերին։ Ի՞նչ կբերի Հայաստանին այս խաղաղությունը։ Արդյո՞ք ադրբեջանական զորքերը կհեռանան Հայաստանի օկուպացված տարածքներից։ Արդյո՞ք կազատվեն հայ գերիները, որոնց թվում են նաև Արցախի ղեկավարները։ Արդյո՞ք տասնյակ հազարավոր տեղահանված արցախյան ընտանիքներ կգտնեն կացարան։ Այժմ ակնհայտ է, որ Փաշինյանի անզորության ֆոնին Ալիևի ախորժակները, նրա հակահայկական հռետորաբանությունն ու պահանջները օրեցօր աճում են»,–հայտարարել է Աբրահամյանը։

Նրա գնահատմամբ՝ Ալիևի և Փաշինյանի ներկայությունը Սպիտակ տանը օղակ է տարածաշրջանում տեղի ունեցող տեկտոնիկ աշխարհաքաղաքական փոփոխությունների և ազդեցության գոտիների վերաձևման շղթայում։

«Փաշինյանը, այսօր հավակնելով խաղաղարարի կոչման, իր իսկ խոսքերով, կարող էր դեռ 2020 թվականի հոկտեմբերին կանգնեցնել պատերազմը, ինչը կստեղծեր խաղաղության պայմաններ տարածաշրջանում, սակայն դա չարեց։ Նա գիտակցաբար տարավ հազարավոր երիտասարդ հայերի անխուսափելի մահվան՝ նախապես իմանալով ելքը։ Կցանկանայի սխալվել, բայց, ինչպես երևում է, Փաշինյանն ինքը ներգրավված է և, ինչը շատ ավելի վատ է, ներգրավում է Հայաստանը և հայերին վասսալական կախվածության մեջ Թուրքիայից և Ադրբեջանից», — ընդգծել է նա։

Աբրահամյանը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի մասնակցությունը հայկական հարցերի լուծմանը նոր բան չէ։

«Հենց 105 տարի առաջ ԱՄՆ-ն՝ ի դեմս Վուդրո Վիլսոնի, արդեն հանդես էր գալիս որպես արբիտր Հայաստանի և Թուրքիայի միջև։ Եվ անգամ Հայաստանին երաշխավորված էր ելք դեպի Սև ծով՝ Բաթումով։ Որտե՞ղ է այժմ այդ մանդատը, որը ստորագրել էին բոլոր կողմերը։ Հարցրեք Աթաթուրքին և Թուրքիայի խորհրդարանին։ Չէի ցանկանա, որ «Թրամփի Հայաստանը» կրկներ «Վուդրո Վիլսոնի Հայաստանի» ճակատագիրը»,–ասել է նա։

Օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առանձին հանդիպումներին կհաջորդի եռակողմ հանդիպումը։ Թրամփը հայտարարել է, թե Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։ Ստորագրվելու են նաև այլ փաստաթղթեր։