ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը ողջունել է Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Այդ մասին նա գրել է X–ի սոցիալական հարթակում։
Ըստ նրա՝ «ցանկացած վերջնական համաձայնագրում պետք է ներառվի ուժեղ կիրառման մեխանիզմներ և Հայաստանի անվտանգության երաշխիքներ», հայտնում է Factor.am-ը։
«Ողջունում եմ ԱՄՆ-ի ուղղակի ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Թեև Հայաստանում՝ հարավային հատվածով տրանսպորտային միջանցքի գոյությունը խնդիրներ է ստեղծում, հուսով եմ՝ ԱՄՆ-ի ուղիղ ներգրավվածությունը կհանգեցնի արդար և երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի կնքման և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող տնտեսական շրջափակման դադարեցմանը։ Ցանկացած վերջնական համաձայնագրում պետք է ներառվի ուժեղ կիրառման մեխանիզմներ և Հայաստանի անվտանգության երաշխիքներ՝ այն պարագայում, եթե Ադրբեջանը խախտի իր պայմանավորվածությունները։
Այս համատեքստում սխալ է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի կիրառումից։ Չկա որևէ հիմնավորում Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու համար»,–ասվում է գրառման մեջ։
Փալոունի համոզմամբ, անհրաժեշտ է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ազատ արձակի ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին, որոնք պահվում են Բաքվում, և դուրս բերի իր զորքերը Հայաստանի տարածքից։
«ԱՄՆ-ն ունի բարոյական պարտավորություն՝ ապահովելու Արցախի բռնի տեղահանված հայերի անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը իրենց բնիկ հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ»,-գրել է նա։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






