Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը՝ ընդգծելով Բեռլինի պատրաստակամությունը աջակցելու երկու երկրներին կայուն խաղաղության հասնելու գործում։
Նրա խոսքով, «Հայաստանն ու Ադրբեջանը նոր գլուխ են բացում իրենց պատմության մեջ, գրում է Արմենպրեսը։
«Այն փաստը, որ երկու կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, հույսի աղբյուր է Հայաստանում և Ադրբեջանում շատ մարդկանց համար, որոնց թիկունքում հակամարտության, տեղահանությունների և տառապանքների երկարատև պատմությունն է։ Այս օրը ցույց է տալիս երկու կառավարությունների պատրաստակամությունը՝ բարդ հարցերը լուծել բանակցությունների միջոցով և գնալ ոչ հեշտ փոխզիջումների»,–ասել է նա։
Վադեֆուլը նշել է, որ այժմ չափազանց կարևոր է խաղաղության համաձայնագրի որքան հնարավոր է շուտ ստորագրումն ու դրա վավերացումը երկու կառավարությունների կողմից։
Նա հավելել է. «Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին դեպի կայուն խաղաղություն գնալու նրանց ճանապարհին»։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






