AM
9 Օգոստոս 2025 - 11:02 AMT

Իրանը ողջունել է ՀՀ–Ադրբեջան պայմանավորվածությունը և մտահոգություն հայտնել

Իրանի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանն ուշադիր հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության X-ի միկրոբլոգում։

Իրանը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։

Միևնույն ժամանակ Իրանը «մտահոգություն է հայտնել ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, որոնք կարող են սպառնալ տարածաշրջանի անվտանգությանը, հատկապես համատեղ սահմանների հարևանությամբ»։

Իրանը, շեշտելով իր ազգային իրավունքների և շահերի ապահովման համար բոլոր քաղաքական, իրավական և տնտեսական միջոցառումների ձեռնարկումը, կարծում է, որ հաղորդակցության ուղիների ստեղծումը և կապի ցանցերի ապաշրջափակումը կծառայի տարածաշրջանի ազգերի կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը միայն այն դեպքում, երբ դա կլինի փոխադարձ շահերի, տարածաշրջանի երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի շրջանակներում և առանց արտաքին միջամտությունների։

Իրանը պատրաստ է շարունակել կառուցողական և փոխադարձ շահերին հիմնված համագործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ տարածաշրջանի խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման պաշտպանության համար՝ երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև 3+3 ձևաչափի շրջանակում»,- ասված է հայտարարության մեջ։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։