Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերի առնչությամբ Իրանը շարունակական շփումներ է ունեցել երկու կողմերի հետ։ Նա ընդգծել է, որ սպասվում է Հայաստանի արտգործնախարարի հեռախոսազանգը, որից հետո կզանգահարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ երեքշաբթի նախատեսված է Հայաստանի փոխարտգործնախարարի այցը Թեհրան։ Արաղչու խոսքով՝ Զանգեզուրի և մյուս բարձրացված հարցերի շուրջ Իրանի դիրքորոշումը հստակ է, և երկիրը ողջունում է երկու երկրների միջև ցանկացած խաղաղ գործընթաց, պատրաստակամ լինելով աջակցել դրան, հայտնում է IRNA գործակալությունը։
Նա ասել է, որ «միջանցքի հարցը փակված է, խոսքը հայկական տարանցիկ ճանապարհի մասին է», հայտնում է Factor.am-ը։
«Մենք կողմերի հետ անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք։ Զանգեզուրի և բարձրացված հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումը լիովին պարզ է. մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղություն, և մենք նախկինում հայտարարել ենք մեր պատրաստակամության մասին համագործակցել և օգնել երկու երկրների միջև խաղաղության գործընթացին։ Տարածաշրջանի վերաբերյալ մեր դիրքորոշումները նույնպես պարզ են. մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրները լիակատար ինքնիշխանություն պահպանեն իրենց տարածքների նկատմամբ և աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը։ Մենք նաև պաշտպանում ենք միջազգային սահմանները և չենք ընդունում դրանցում որևէ փոփոխություն»,–ասել է նա։
Արաղչին հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ներառում է հետևյալ երեք սկզբունքները՝ տարածաշրջանի երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանք, տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք և ընդդիմություն սահմանների ցանկացած փոփոխությանը, որոնք բացարձակապես համապատասխանում են Իրանի դիրքորոշումներին։
«Միջանցքի հարցը լիովին մի կողմ է դրվել, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո՝ այս երկրի տարածքում։ Այս նախագծի իրականացումը մի ընկերության պատասխանատվությունն է, որն, ինչպես ասվել է, կլինի ամերիկա-հայկական ընկերություն, որը գրանցված է Հայաստանում և գործում է այս երկրի օրենքներով։ Իհարկե, ինչպես նշվել է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայություն, ցանկացած ձևով, կարող է բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար։
Մենք միշտ բարձրացրել ենք այս հարցը ադրբեջանական և հայկական կողմերի հետ և վերահաստատելու ենք այն։ Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին։ Մինչ այժմ մեր սկզբունքային դիրքորոշումները հարգվել են, բայց ամերիկյան ընկերության հնարավոր ներկայությունը մտահոգության տեղիք է տալիս, և մենք կշարունակենք այս հարցով մեր խորհրդակցությունները։ Իրանը զգուշացրել է տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայության առնչությամբ և ընդգծել, որ նման գործողությունը կարող է սպառնալ խաղաղությանը և կայունությանը։ Ամերիկյան ընկերության հնարավոր ներկայությունը այս նախագծում մտահոգության առիթ է Իրանի համար, և այս հարցը քննարկվել է կողմերի հետ, և զարգացումներին ուշադիր հետևում ենք», հայտարարել է Արաղչին։
Իրանի Նախագահ Մասուդ Փեզեշքիանը ևս պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված Սպիտակ տանը վերջերս ստորագրված համաձայնագրի հետ, որը վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» և կնքվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։ Նա նշել է, որ իր արտգործնախարար Աբաս Արաղչին վերջերս իրեն զեկույց է ներկայացրել այդ հարցի վերաբերյալ։
«Իհարկե, այս միջանցքը այն չէ, ինչի մասին լրատվամիջոցներում չափազանցված տեղեկություններ են տարածվել», – ասել է նախագահը՝ հավելելով, որ «Իրանի պահանջները բավարարվել են», հայտնում է Tansim-ը։
«Տարածքային ամբողջականության պահպանման, Եվրոպայի հետ կապ հաստատելու և հյուսիսով կապը չկտրելու այն շրջանակը, որն ակնկալում էր Իրանն այս հարցում ապահովվել է։ Միակ մտահոգիչ հանգամանքն այն է, որ հայկական և ամերիկյան ընկերություններ են ցանկանում կառուցել այս ճանապարհը», – հավելել է նա։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






