Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբացման հստակ ժամկետ հայտնի չէ։ Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է զուգահեռաբար Բաքվի և Երևանի խաղաղ բանակցությունների հետ, գրում է ՌԻԱ Նովոստին՝ թուրքական դիվանագիտական աղբյուրի վրա հղումով։
Օգոստոսի ութին Սպիտակ տանը ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են համատեղ հռչակագիր, որը վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը։
«Այս թեմայի (թուրքա-հայկական սահմանի բացման – խմբ.) վերաբերյալ որևէ հստակ ժամկետներ չկան։ Ինչպես նշել է պարոն նախագահը (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը – խմբ.), Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա զուգահեռաբար Բաքվի և Երևանի խաղաղ գործընթացին։ Մենք տեսնում ենք դրական քայլեր այս ուղղությամբ, երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից կշահի ամբողջ տարածաշրջանը», – նշել է գործակալության զրուցակիցը։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկկողմ լարված հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ Անկարայի աջակցությունը Ադրբեջանի դիրքորոշմանը Ղարաբաղի հարցում և Թուրքիայի կտրուկ արձագանքը 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Օսմանյան կայսրությունում։
2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ Ռուբինյանը և Քըլըչը պայմանավորվել են կարճ ժամկետներում հնարավորություն տալ երրորդ երկրների քաղաքացիներին անցնելու Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը, ինչը, սակայն, մինչ օրս չի գործում։






