AM
11 Օգոստոս 2025 - 09:22 AMT

Բաքուն մեղադրել է ՌԴ–ին՝ Ուկրաինայում SOCAR-ի օբյեկտներին հարվածելու համար

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են «Ռուսաստանի միտումնավոր ավիահարվածների» մասին, որոնք հասցվել են պետական SOCAR ընկերության նավթաբազային և Ուկրաինայի տարածքում գտնվող այլ ադրբեջանական օբյեկտներին։

Բացի այդ, հարվածներ են հասցվել գազի կոմպրեսորային կայանին, որը ապահովում է ադրբեջանական գազի մատակարարումը Ուկրաինա, գրում է Deutsche Welle-ն։

Ինչպես տեղեկացրել են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից, հայտարարությունը հնչեցվել է օգոստոսի 10-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո։ Երկու ղեկավարներն էլ վստահություն են հայտնել, որ Ռուսաստանի գործողությունները չեն դադարեցնելու էներգետիկ գործընկերությունը Բաքվի և Կիևի միջև։

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը «Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության համար»։

«Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևը նույն դիրքորոշումն ունեն․ բոլոր երկրները պետք է հարգեն միջազգային իրավունքը, տարածքային ամբողջականության հարցում չի կարող լինել կրկնակի մեկնաբանություն»,– նշել են Զելենսկու մամուլի ծառայությունից։

Կիևում ընդգծել են, որ Ռուսաստանի հարվածները «միտումնավոր փորձ» են՝ արգելափակելու այն երթուղիները, որոնք ապահովում են էներգետիկ անկախություն Ուկրաինայի և այլ եվրոպական երկրների համար։

Օգոստոսի 6-ի գիշերը Ռուսաստանի ուժերը հարվածել են գազի կոմպրեսորային կայանին՝ տեղակայված Օդեսայի մարզում՝ ուկրաինա-ռումինական սահմանի մոտ։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ այս կայանը ներգրավված է այն երթուղում, որը միացնում է Հունաստանի հեղուկացված բնական գազի ընդունման տերմինալներն Ուկրաինայի գազի պահեստարանների հետ՝ Տրանսբալկանյան գազատարի միջոցով։ Այդ ճանապարհով մատակարարվել է գազ՝ ԱՄՆ-ից, ինչպես նաև փորձնական ձևաչափով՝ Ադրբեջանից։

Երկու օր անց՝ օգոստոսի 8-ի լույս գիշերը, ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են SOCAR-ի նավթաբազային Օդեսայի մարզում։ Հարվածի հետևանքով բռնկվել է հրդեհ և վնասվել է դիզելային վառելիքի խողովակաշարը։ SOCAR ընկերությանը պատկանում է մոտ 60 բենզալցակայան Ուկրաինայի տարածքում, ինչպես նաև մի քանի նավթաբազա։