Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը հեռանկարում դրական ազդեցություն է ունենալու Միջին միջանցքի բեռնափոխադրման հնարավորությունների վրա, հայտնում է APA-ն։
Ալիևն այդ մասին ասել է Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Վաշինգտոնում ՀՀ, Աադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի երթուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։






