AM
12 Օգոստոս 2025 - 08:31 AMT

Էրդողան․ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը պատմական քայլ է

Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագիրը պատմական քայլ է կայուն խաղաղության ճանապարհին։

Նա նաև ուրախալի է անվանել «Ադրբեջանի դեմ պատժամիջոցի վերացումը», հայտնում է APA-ն։

Խոսքն «Ազատության աջակցման ակտի» 907–րդ ուղղման մասին է, որով արգելվում էր ԱՄՆ ռազմական աջակցությունն Ադրբեջանին և որի չեղարկման մասին հայտարարվել է օգոստոսի 8–ին ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։

Նա նշել է, որ օգոստոսի 9–ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և նշել, որ Թուրքիան միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։

Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հայ-թուրքական սահմանի բացման պայմանները։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։