AM
12 Օգոստոս 2025 - 09:49 AMT

Ամիրբեկով․ Բաքուն ակնկալում է, որ ՀՀ–ն կփոփոխի Սահմանադրությունը

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարերել է, թե Վաշինգտոնում ստորագրված ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հռչակագիրը հաստատել է Բաքվի խաղաղ քաղաքականությանը հավատարիմ մնալու դիրքորոշումը։

Ամիրբեկովի խոսքով՝ փաստաթղթում առկա դրույթը, որը վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը, ենթադրում է հետագա քայլերի անհրաժեշտություն՝ այն վերջնականապես ստորագրելու և վավերացնելու համար, գրում է Minval.az-ը։

Նա նշել է, որ Բաքուն ակնկալում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, որպեսզի վերացվեն դրանում առկա «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները»։ Այd մասին Ամիրբեկովը ասել է «NE Global» պարբերականին տված հարցազրույցում։

Բացի այդ, նա կարևորել է հռչակագրի այն դրույթի նշանակությունը, որը վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային ու հաղորդակցության ուղիների բացմանը, ներառյալ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև «անարգել հաղորդակցության ապահովումը»։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։