Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահի թեկնածու և Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանավորությամբ ձեռք բերված խաղաղության համաձայնագրին։
Նա այն գնահատել է որպես պատմական հնարավորություն՝ հազարավոր կյանքեր խլած և երկար տարիներ լուծում չգտած հակամարտության վերքերը բուժելու, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունները վերականգնելու համար, հայտնում է Ermenihaber-ը։
Իմամօղլուն նաև շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս խիզախ քայլի համար։
Նրա խոսքով՝ թեև Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ տարածաշրջանում «խաղի կանոն սահմանողի» դեր են ստանձնել և մեծ ջանքեր են գործադրել երկու հարևան երկրների միջև միջնորդելու համար, Անկարան այս կարևոր խաղաղության գործընթացի առանցքային դերակատարների շարքում ներկա չի եղել։
Նա ընդգծել է, որ անգամ այն պայմաններում, երբ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին Ղարաբաղյան պատերազմներում և մասնակցել ռազմավարական ձեռքբերումներին, դեռ չեն իրականացվել այնպիսի դիվանագիտական քայլեր, որոնք կապահովեին երկրի ներկայությունը բանակցությունների սեղանին, ինչը, ըստ նրա, լուրջ թուլություն է թուրքական դիվանագիտության համար։
Իմամօղլուի համոզմամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը կարող է կայունանալ միայն այն դեպքում, եթե այն ընդունվի Թուրքիայի և ambողջ տարածաշրջանի կողմից՝ ներառական տեսլականի շրջանակում։
Նա շեշտել է, որ Թուրքիան պետք է անպայման ներգրավվի այս գործընթացում, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու կարևոր ենթակառուցվածքային և տրանսպորտային նախագծերի իրականացումը պետք է դիտարկվեն հենց այս համատեքստում։
Նրա կարծիքով՝ տարածաշրջանում ազդեցիկ և հեղինակավոր երկիր դառնալու ուղին անցնում է ժողովրդավարական լեգիտիմության, հզոր պետական ինստիտուտների, ինչպես նաև խելամիտ ու սկզբունքային արտաքին քաղաքականության միջոցով։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






