AM
13 Օգոստոս 2025 - 07:03 AMT

Եվրախորհրդարանի անդամները կարևորել են գերիների և տեղահանվածների հարցերի լուծումը, Ադրբեջանի ԶՈւ դուրսբերումը ՀՀ–ից

Եվրոպական խորհրդարանի մի խումբ բարձրաստիճան պատգամավորներ համատեղ հայտարարությամբ են հանդես եկելէ ողջունելով Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները։

Նրանք վստահություն են հայտնել, որ սա կբերի հետագա առաջընթացի՝ սահմանազատման գործընթացում և Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրսբերմանը ՀՀ տարածքից մոտ ապագայում, արձանագրել են անհրաժեշտությունը՝ «լուծելու Ադրբեջանի տարածքում պահվող հայ ռազմագերիների և Ղարաբաղից տեղահանված հայերի խնդիրները», հայտնում է Factor.am-ը։

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վճռականությունը՝ ավարտին հասցնելու տասնամյակներ տևած հակամարտությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի նշանակալի ներդրումը՝ այս դրական արդյունքին հասնելու գործում, որը կառուցվել է վերջին տարիների բանակցությունների հիման վրա, այդ թվում՝ ԵՄ միջնորդությամբ անցկացված հանդիպումների։

Կարևոր է, որ գործընթացը շարունակվի հնարավորինս շուտ նախաստորագրված խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և վավերացմամբ։ Երկու երկրների միջև հաղորդակցության բացման վերաբերյալ քաղաքական համաձայնությունը՝ ներքին, երկկողմ և միջազգային փոխադրումների համար՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության հարգման վրա, ինչպես հայտարարվել է ղեկավարների համատեղ հռչակագրում, ներկայացնում է նշանակալի առաջխաղացում։

Մենք նկատի ենք առնում Հայաստանի պատրաստակամությունը՝ աշխատելու ԱՄՆ-ի և փոխադարձ համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի հարավով անցնող երթուղու զարգացման և կառավարման ուղղությամբ, և ողջունում ենք ԱՄՆ-ի մտադրությունը՝ ներդրումներ կատարել։ Մենք նաև շեշտում ենք Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներքաղաքական կապերի փոխադարձ առավելությունների կարևորությունը, ինչպես դա համաձայնեցվել է ղեկավարների կողմից։ Երբ այս կարևոր հաղորդակցման նախագիծը իրագործվի, այն կբացի Հարավային Կովկասի հսկայական ներուժը՝ դառնալու առևտրի և տնտեսական բարգավաճման կենտրոն՝ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահի համար։

Թուրքիայի կառուցողական ներգրավվածությունը անփոխարինելի կլինի այս առաջընթացի ամբողջական ներուժին հասնելու համար։ Մենք խրախուսում ենք Թուրքիայի կառավարությանը՝ աջակցելու այս դրական զարգացումներին՝ փոխադարձելով Հայաստանի պատրաստակամությունը՝ կարգավորելու հարաբերությունները և բացելու հայ-թուրքական սահմանը՝ երկու երկրների և նրանց սահմաններից շատ ավելի հեռու շահերի համար։

Մենք նաև ողջունում ենք ղեկավարների հստակ հանձնառությունը՝ ՄԱԿ-ի Կանոնադրությանը և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին, ինչպես նաև միջազգային սահմանների անխախտելիության և տարածք գրավելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքներին։

Մենք վստահ ենք, որ սա կբերի հետագա առաջընթացի՝ սահմանազատման գործընթացում և Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրսբերմանը Հայաստանի Հանրապետության տարածքից մոտ ապագայում։ Մենք նաև արձանագրում ենք անհրաժեշտությունը՝ լուծելու Ադրբեջանի տարածքում պահվող հայ ռազմագերիների և Ղարաբաղից տեղահանված հայերի խնդիրները։ ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովման գործում և պատրաստ է շարունակել նպաստել հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղմանը։

Այս գործընթացը կարևոր է նաև Հայաստանի՝ տնտեսական և անվտանգության հարաբերությունների դիվերսիֆիկացման և իր հայտարարված եվրոպական ձգտումների համատեքստում, որոնք Եվրոպական խորհրդարանը լիովին աջակցում է»,- ասված է հայտարարությունում։

Հայտարարությունը ստորագրել են Եվրոպական խորհրդարանի Արտաքին գործերի կոմիտեի (AFET) նախագահ, ԵԺԿ խմբակցությունից Դեյվիդ ՄաքԱլիսթերը, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության նախագահ Սերգեյ Լագոդինսկին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովսը, Հայաստանի հարցերով AFET-ի մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Դան Բառնան։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։