Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է ուսումնասիրել ՀՀ Սյունիքի մարզով անցնող «Թրամփի ճանապարհ» նախագիծը, որը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի նախագծի մանրամասները, որն ի դեպ, առայժմ չի հրապարակվել», – ասել է նա ճեպազրույցի ընթացքում, հայտնում է «Իզվեստիան»։
Նա միաժամանակ ընդգծել է, որ պետք է «հաշվի առնել Հայաստանի անդամությունը ԵԱՏՄ–ում, ինչպես նաև ռուս սահմանապահների ներկայությունը Սյունիքի մարզում»։
«Այս գործոնները պետք է հաշվի առնել տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին որոշումներ կայացնելիս», – եզրափակել է Ֆադեևը։
Ֆադեևը նշել է, որ տարածաշրջանից դուրս գտնվող ուժերը, որոնք ներգրավվել են Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման գործում, պարտավոր են առաջնորդվել խաղաղ օրակարգով և չստեղծել նոր բաժանարար գծեր։
Վաշինգտոնում ՀՀ, Աադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի երթուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։






