Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Էլմար Մամեդյարովn իր տեսակետն է հայտնել այն պահանջների մասին, որոնց պետք է բավարարի ապագայում Հայաստանում նշանակվելիք Ադրբեջանի դեսպանը։ Նա նշել է, որ դեսպանը պետք է տիրապետի հայերենին և հասկանա հայերի առանձնահատկությունները:
Նա հիշեցրել է, որ համաձայն երկու երկրների միջև նախաստորագրված պայմանագրի հինգերորդ կետի՝ սահմանազատման վավերացման փաստաթղթերի փոխանակումից որոշ ժամանակ անց կձևավորվեն դիվանագիտական հարաբերություններ՝ ըստ Վիեննայի 1961 և 1963 թվականների դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների կոնվենցիաների։ Մամեդյարովը ենթադրել է, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը կարող է դեսպանատուն բացել Երևանում, գրում է Caucasus chronicle-ը։
«Պարտադիր չէ, որ նա գործող դիվանագետ լինի, հնարավոր է կողմնակի ինչ-որ մեկին նշանակել։ Ամենակարևորը՝ նա պետք է հասկանա և իմանա հայ ժողովրդի առանձնահատկությունները»,–ասել է նա։
Մամեդյարովը պարզաբանել է, որ դեսպան նշանակելու հնարավորությունը կարող է քննարկվել միայն այն բանից հետո, երբ ստորագրվի դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հատուկ փաստաթուղթ, որը պետք է հաջորդի խաղաղության պայմանագրին։
«Առանց այս փաստաթղթի ստորագրման՝ դեսպան նշանակելը հնարավոր չէ։ Դրանից հետո արդեն կարելի է քննարկել՝ ով պետք է լինի դեսպանը և որքան աշխատակիցներ պետք է ունենա դեսպանատունը։ Մնացածը տեխնիկական հարցեր են»,–հավելել է նա։
Լրագրողի հարցին՝ արդյոք ինքը պատրաստ է աշխատել Երևանում որպես դեսպան, Մամեդյարովը պատասխանել է․ «Պատասխանը մեկն է՝ ինչպես կհամարվի նպատակահարմար»։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






