AM
14 Օգոստոս 2025 - 07:02 AMT

Շվեյցարիայի խորհրդարանը մերժել է «Լեռնային Ղարաբաղի անեքսիա» բանաձևի նախագիծը

Շվեյցարիայի վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժել է «Լեռնային Ղարաբաղի անեքսիա և Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատ արձակում» բանաձևի նախագիծը, որը ներկայացրել էին 2024–ի նոյեմբերի 5-ին Ժնևի կանտոնի խորհրդարանի պատգամավորները։

Այս որոշումն ընդունվել է Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան նպատակաուղղված ակտիվ գործունեության հետևանքով, հայտնում է Panorama.am-ը։

Օրակարգից հանվել է նաև հանձնաժողովի փոխնախագահ Կառլո Սոմարուգայի առաջարկած նոր նախաձեռնությունը, որը սահմանափակվում էր Ադրբեջանում պահվող բանտարկյալների իրավունքների պաշտպանության և հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցերով։

Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է՝ «Ժնևի կանտոնալ խորհրդարանի սադրիչ նախաձեռնությունը միակողմանի է և պարունակում է բացառապես ադրբեջանական կողմին ուղղված պահանջներ, և նման մոտեցման դեմ բողոք է արտահայտվել»։

2025–ի մարտին Շվեյցարիայի Կանտոնների խորհուրդն ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ 46 անդամ ունեցող պալատում 29 պատգամավոր կողմ է քվեարկել, 12-ը՝ դեմ։ Նիստին ներկա արտաքին գործերի նախարար Իգնազիո Կասիսը և մի շարք պատգամավորներ փորձել են կանխել բանաձևի ընդունումը՝ պնդելով, որ այն հակասում է միջազգային իրավունքին, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային իրավունքի սուբյեկտ չեն։ Կասիսը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն, ուստի նման նախաձեռնության կարիք չկա։

Սակայն բանաձևի կողմնակիցները հակադարձել են, նշելով, որ Շվեյցարիան ապացուցել է իր չեզոք միջնորդ լինելու արդյունավետությունը։ Նրանք ընդգծել են, որ երկխոսության ապահովումը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև կարող է նպաստել բռնի տեղահանվածների անվտանգ ու կազմակերպված վերադարձին։