Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը հանդես է եկել հայտարարությամբ, որը կոչվում է «Արցախը (Լեռնային Ղարաբաղը)՝ Վաշինգտոնի հռչակագրի մեծ բացական»։
Նշվում է, որ ագրեսորի ախորժակի կանխումը վերջինիս ցանկությունները բավարարելու միջոցով պատրանքը բազմիցս հերքվել է պատմության ընթացքում։
«Օգոստոսի 8-ին, Հայաստանը եւ Ադրբեջանը Վաշինգտոնում ստորագրեցին խաղաղության համաձայնագրի կնքման մտադրության մասին հռչակագիր, որը ներկայացվում է որպես պատմական։ Սակայն Հարավային Կովկասի կայունացման ակնհայտ ցանկության հետևում, այս տեքստը շրջանցում է մի շարք կենսական հարցեր, ինչը վտանգում է արդարցի և կայուն խաղաղության հեռանկարները։
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը ողջունում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների՝ խաղաղության համաձայնության հասնելու պատրաստակամությունը, որը վկայում է տարածաշրջանում նոր էջ բացելու ձգտման մասին։ Սակայն, Շրջանակը ափսոսանք է հայտնում, որ հռչակագիրը ոչ անդրադառնում է Արցախից տեղահանված, 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման զոհ հայ գաղթականների վերադարձի իրավունքին, ոչ էլ Բաքվում դեռևս պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին։ Այն լռում է նաև Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցում, որն այսօր լուրջ սպառնալիքի տակ է՝ ոչնչացման կամ յուրացման տեսքով»,–ասվում է հայտարարության մեջ։
Շրջանակը բարձրաձայնել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ կոչի մասին, որն առնչվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի ու հարակից մեխանիզմների լուծարմանը։ Չնայած այս կառույցը վերջին հինգ տարիներին ակտիվություն չի ցուցաբերել, այդ քայլը, ըստ կազմակերպության, կարող է վերացնել միջազգային հանրության՝ Լեռնային Ղարաբաղի չլուծված հարցերին օրինական ու բազմակողմանի մոտեցում ցուցաբերելու հնարավորությունը։
Հռչակագրում ներառված է նաև «Թրամփի ուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» ծրագրի իրականացումը՝ նախատեսելով առանց խոչընդոտի հաղորդակցություն Ադրբեջանի մայրցամաքային հատվածի և Նախիջևանի միջև՝ Հայաստանի տարածքով։ Շրջանակի համոզմամբ՝ այս նախագիծը նպաստելու է Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքերի ամրապնդմանը տարածաշրջանում՝ խորացնելով արդեն առկա ուժային անհավասարակշռությունը Հայաստանի Հանրապետության հաշվին։
«Մեր հին եվրոպական մայրցամաքի պատմությունը մեզ հիշեցնում է, որ ցանկացած գնով խաղաղության ձգտումը երկարատև խաղաղության համար լավագույն երաշխիքը չէ: Ագրեսորի ախորժակի կանխումը վերջինիս ցանկությունները բավարարելը միջոցով պատրանքը բազմիցս հերքվել է մեր պատմության ընթացքում։ Եթե մենք ընդունում ենք այս ճշմարտությունը ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում, ապա պետք է նաև ընդունենք, որ այն լիովին կիրառելի է Լեռնային Ղարաբաղի /խաղաղության հռչակագրում մեծ բացակայի/ հակամարտության նկատմամբ»,- նշել է Ֆրանսուա Պուպոնին, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանի նախագահը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






