AM
14 Օգոստոս 2025 - 08:52 AMT

Պետդումայի պատգամավոր․ Փաշինյանն ամեն ինչ հանձնեց, բայց ոչինչ չստացավ ոչ Բաքվից, ոչ Վաշինգտոնից

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի առաջին տեղակալ, «Ռոդինա» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսեյ Ժուրավլյովն ասել է, որ որ Հայաստանի վարչապետ «Նիկոլ Փաշինյանը Արևմուտքի ճնշման տակ հանձնել է այն ամենը, ինչի համար պայքարել են հայ ժողովրդի բազմաթիվ սերունդներ»։

Հայաստանը և ԱՄՆ-ը համաձայնության են եկել մի նախաձեռնության իրականացման շուրջ, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Այդ նախագծով նախատեսվում է «ստեղծել Զանգեզուրի միջանցք՝ 40 կիլոմետր երկարությամբ հատված, որը Ադրբեջանի տարածքը կապում է Նախիջևանի հետ՝ անցնելով Հայաստանի հարավային մասով», գրում է ՌԻԱ Նովոստին։

«Փաշինյանը կամավոր կերպով հանձնել է ամեն ինչ, ինչի համար երկար ժամանակ պայքարել են հայ ժողովրդի բազմաթիվ սերունդներ, միայն նրա համար, որ այդպես են ցանկացել նրա արևմտյան տերերը», — ասել է Ժուրավլյովը։

Պատգամավորը նշել է, որ Հայաստանը դրա դիմաց «ոչինչ չի ստացել ո՛չ Բաքվից, ո՛չ Վաշինգտոնից, իսկ Զանգեզուրի միջանցքը 99 տարով վարձակալությամբ տրվել է ԱՄՆ-ին»։

«Պանամայի օրինակով կարելի է տեսնել, թե ինչպես է դա սովորաբար ավարտվում. վարձակալելով ջրանցքը՝ ԱՄՆ-ն հետո մի քանի տասնամյակ փաստացի վերահսկում էր այդ երկիրը։ Նույնը հիմա սպառնում է Հայաստանին, որը իր իսկ վարչապետը վաճառում է ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ»,- եզրափակել է Ժուրավլյովը։

Վաշինգտոնում ՀՀ, Աադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի երթուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։