Հուլիսի 15-ի դրությամբ Ստեփանակերտում այլևս չի մնացել ոչ մի արձան կամ կիսանդրի. Արցախի մայրաքաղաքի ամբողջ մոնումենտալ ժառանգությունը՝ թվով 25 հուշարձան, ամբողջությամբ վերացված է, հայտնում է Արցախի Մշակութային և Զբոսաշրջության զարգացման գործակալությունը։
«Այս փաստը հաստատվել է Google Earth-ի արբանյակային լուսանկարների վերլուծությամբ և ադրբեջանական սոցիալական ցանցերում տեղադրված հրապարակումներով։
Քաղաքի տարածքից ջնջված են.
Հայրենական Մեծ պատերազմի հերոսներ- մարշալ Հովհաննես Բաղրամյան, ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակով, օդաչու-աս Նելսոն Ստեփանյան։
Մշակույթի գործիչներ – Հենրիխ Բարխուդարյան, Հովհաննես Թումանյան, Խաչատուր Աբովյան, Վաղրամ Պապազյան, Շառլ Ազնավուր, Հովհաննես Այվազովսկի, իրավապաշտպան Անդրեյ Սախարով, (Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու ճակատագիրը դեռ ճշտման փուլում է)։
Ազատագրական շարժման մասնակիցներ և հայրենիքի պաշտպաններ – Աշոտ Գուլյան (Բեկոր), Քրիստափոր Իվանյան, Անատոլի Զինևիչ, Յուրի Պողոսյան։
Բոլշևիկյան հեղափոխական գործիչներ-Ստեփան Շահումյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Ալեքսանդր Ծատուրյան»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ քանդակների ճակատագիրը դեռևս պաշտոնապես չի հստակեցվել, սակայն, հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման գործելակերպը, բարձր հավանականություն կա, որ դրանք ամբողջությամբ վերացվել են։
«Հուշարձանները միայն պատմամշակութային արժեք չեն կրել. դրանց հեղինակներն էին թե՛ ճանաչված հայ արվեստագետներ, թե՛ միջազգային ճանաչում ունեցող քանդակագործներ, այդ թվում՝ ռուս հայտնի հեղինակներ Սալավաթ Շչերբակովը և Գրիգորի Պոտոցկին, որոնք համապատասխանաբար ստեղծել են Այվազովսկու և Սախարովի արձանները։
Լուսանկարում պատկերված է Ստեփանակերտում ապամոնտաժված առաջին արձանը՝ Ստեփան Շահումյանինը, ում անունով մեկ դարից ավելի կոչվել է Արցախի մայրաքաղաքը»,–ասվում է հրապարակման մեջ։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։






