AM
14 Օգոստոս 2025 - 13:10 AMT

ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել Բաքվի և Երևանի պայմանավորվածությունների իրականացմանը

Եվրոպական միությունն արտահայտել է իր պատրաստակամությունն մասնակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։ Այդ մասին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի, հայտնում է Report.az․–ը։

Կոշտան կարևորել է Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունները՝ տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն ապահովելու տեսանկյունից։

Օգոստոսի 12–ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Վարչապետը ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանզիմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։