ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով Պետդումայի կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են Ալյասկայում կայանալիք հանդիպման ընթացքում քննարկել «Զանգեզուրի միջանցքի վերահսկողության հարցը, որը տրանսպորտային երթուղի է Հայաստանի և Ադրբեջանի տարածքների միջև»։
«Զանգեզուրի միջանցքի վերահսկողության հարցը, այդ թվում, կքննարկվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների երկկողմ հանդիպման ժամանակ», – ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Վաշինգտոնում ՀՀ, Աադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի երթուղին» գործարկելու շուրջ։
Օգոստոսի 15–ին Պուտինն ու Թրամփը հանդիպելու են Ալյասկայում։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։






