ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է Fitch գործակալության միջանկյալ զեկույցին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հետևանքների վերաբերյալ։
Դրանում արձանագրված է` Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի վերսկսման ռիսկերը նվազել են, իսկ խաղաղության համաձայնագիրը միտված է միջնաժամկետ հատվածում նպաստելու Հայաստանի վարկունակության բարձրացմանը, Թուրքիայի տարածքով այլընտրանքային ուղիների հաշվին առևտրի աշխուժացմանը և ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի տնտեսական աճի զարգացմանը:
«Fitch-ը փաստացի վերահաստատել է աշխարհաքաղաքական ռիսկերի նվազման շնորհիվ միջնաժամկետում Հայաստանի տնտեսական աճի խթանման, ինչպես նաև արժութային տատանումների ու հարկաբյուջետային ռիսկերի նվազեցման մեր կանխատեսումները: Այս դրական զարգացումները բացում են նոր հնարավորություններ միջազգային ներդրումների ներգրավման համար և բարձրացնում Հայաստանի վստահելիության մակարդակը: Սպասում ենք մյուս գործակալությունների արձագանքներին»,- նշել է Հովհաննիսյանը, մեջբերում է «Արմենպրեսը»։






