AM
20 Օգոստոս 2025 - 10:41 AMT

Թրամփը պատմել է հայ-ադրբեջանական բանակցությունների մասին․ «Առևտուր չեմ անի, եթե կռվում եք»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցի ընթացքում կրկին անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին ու Սպիտակ տանը տեղի ունեցած քննարկմանը: Նա ասել է, որ Վաշինգտոնում անցկացված հանդիպման ժամանակ ստիպված է եղել ուղղակիորեն միջամտել, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն թաքցրել իրենց լարվածությունը։

«Հակամարտությունը տևել էր 34-35 տարի: Ես ծանոթացա առաջնորդների հետ, ապա ասացի՝ ինչո՞ւ եք ընհանրապես կռվում, ես չեմ պատրաստվում ձեզ հետ առևտուր անել, տղե՛րք, եթե դուք կռվելու եք։ Դա խելագարություն է», – պատմել է նա:

Թրամփը նշել է, որ թեև հանդիպման ընթացքում Փաշինյանը և Ալիևն անգամ Օվալաձև աշխատասենյակում իրենց անհարմար են զգացել ու, ըստ նրա, «փորձել են փախչել» մինչև փաստաթղթի նախաստորագրումը, ի վերջո գրկախառնվել են ու միմյանց շնորհավորել։

«Հաճելի էր դա դիտել», – ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, – «Ես սիրում եմ պատերազմներ դադարեցնել»:

Նա ընդգծել է, որ իր նախագահության ընթացքում կարողացել է արդեն վեց պատերազմ դադարեցնել, այն դեպքում, երբ մի շարք այլ նախագահների չի հաջողվել նույնիսկ մեկ հակամարտության հանգուցալուծման հասնել։

Հարցազրույցի ժամանակ նկատվել է, որ Թրամփը դժվարացել է արտասանել «Ադրբեջան» անվանումը, իսկ «Հայաստան»-ի փոխարեն ասել է «Ալբանիա»։

Ավելի վաղ Թրամփն արդեն հայտարարել էր, որ Փաշինյանին ու Ալիևին այժմ համարում է իր լավ ընկերները։