Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տրանսպորտային ոլորտում նոր ներդրումային քայլեր են նախաձեռնվել։ Նրա խոսքով՝ օգոստոսի 22-ին մեկնարկել է Հարավային Կովկասի համար ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր ծրագրի իրագործումը, հայտնում է Factor.am-ը՝ Anadolu գործակալությանը հղումով։
Ըստ Էրդողանի՝ իրենք հպարտ են Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու շինարարության մեկնարկով, որը նոր ուղի կբացի դեպի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք», որը, ըստ նրա, խաղաղության նախագիծ է ամբողջ տարածաշրջանի համար։
«Նախագծի բոլոր տարրերի իրականացմամբ՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր չափում կստանա»,- նշել է նա՝ ընդգծելով, որ այս ծրագրի հիմքը համարվող 224 կիլոմետրանոց Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղին կառուցվելու է որպես երկկողմանի, էլեկտրաֆիկացված և ազդանշանային գիծ։
Ըստ ծրագրի, այդ երկաթուղով տարեկան պետք է տեղափոխվի մոտ 5,5 մլն ուղևոր և մինչև 15 մլն տոննա բեռ։ 2,4 մլրդ եվրո արժողությամբ այս նախաձեռնության ավարտից հետո միջազգային առևտրային երթուղին՝ սկսած Չինաստանից մինչև Մեծ Բրիտանիա, ավելի արդյունավետ կդառնա։
«Նախագիծը նաև կմիացնի Կասպից և Միջերկրական ծովերի ավազանները՝ զգալի ներդրում ունենալով մեր Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայի շրջանների արտադրական հզորությունների, արտահանման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման գործում: Մաղթում եմ հաջողություններ Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծին, որը մեծ նշանակություն ունի ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր տարածաշրջանի համար»,- հավելել է Էրդողանը։
Վերջերս Թուրքիայում տեղի է ունեցել այդ 224 կիլոմետրանոց երկաթուղու կառուցման մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը պետք է կապ հաստատի Կարսի և Նախիջևանի միջև։ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն այս կապակցությամբ հայտարարել է. «Այն կդառնա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» տրանսպորտային համակարգի մաս»։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն արձագանքել է Ուրալօղլուի հայտարարությանը՝ ընդգծելով. «Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ը կամրապնդի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը»։ Նա նաև հավելել է, որ ՀՀ տարածքում կարող են գործել և իրականացվել միայն այնպիսի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք առաջարկված, ընդունված կամ հաստատված են ՀՀ կառավարության կողմից։






