Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մասնակցել է Փաթրիկ Բեթ-Դևիդի փոդքաստին, որի ընթացքում հայտարարել է, որ անձամբ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է JPost-ը։ Ծագմամբ հայ-ասորի Բեթ-Դևիդը հարցրել է Նեթանյահուին, թե ինչու է Իսրայելը խուսափում Օսմանյան կայսրության կողմից 1915-1917 թթ․ իրականացված կոտորածները ցեղասպանություն անվանել՝ հաշվի առնելով Հոլոքոստի համաշխարհային ճանաչման համատեքստը։
Վարչապետը, դիմելով հաղորդավարի պնդումներին անձնական դիրքորոշում արտահայտելու վերաբերյալ, պատասխանել է․ «Ես հենց նոր արեցի»։
Նեթանյահուն նշել է, որ վերջերս Քնեսեթը որոշում է ընդունել՝ ճանաչելով Ցեղասպանությունը։ Սակայն առայժմ պաշտոնական օրենք կամ պարտադիր քաղաքական որոշում չի ընդունվել։
Սա առաջին դեպքն է, երբ Իսրայելի վարչապետը անձամբ ու հրապարակային կերպով օգտագործում է «ցեղասպանություն» եզրույթը՝ նկարագրելու համար այդ իրադարձությունները։
Բեթ-Դևիդը նշել է, որ թեման հուզական նշանակություն ունի հայերի, ասորիների և հույների համար՝ ասելով, որ «շատերը ցանկանում են, որ համաշխարհային առաջնորդները ճանաչեն ցեղասպանությունը»։
Անցյալում Իսրայելի օրենսդիրները մի քանի անգամ՝ 2018 և 2021 թվականներին, փորձել են օրենքով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն նախաձեռնությունները ձախողվել են։
Թեման շարունակում է դիվանագիտական զգայունություն պահպանել։ Օրինակ՝ Միացյալ Նահանգները միայն 2021 թվականին, նախագահ Ջո Բայդենի օրոք, պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Դրանից հետո Թուրքիան արձագանքեց՝ կանչելով ԱՄՆ դեսպանին՝ բողոքելու այդ քայլի դեմ։






