Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը ներկայացնող՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունից Անկարայի քաղաքապետ Մասուր Յավաշը, ով հայտնի է իր ազգայնամետ դիրքորոշմամբ, արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին արած հայտարարությանը։
«Նեթանյահուն, որը պատմության մեջ է մտել որպես մարդկության դեմ հանցագործությունների հեղինակ՝ տարիներ շարունակ պաղեստինցի ժողովրդի նկատմամբ գործադրած օկուպացիայի, կոտորածի և ճնշումների միջոցով, թիրախավորում է մեր երկիրը՝ խեղաթյուրելով 1915 թվականի իրադարձությունները, ինչը երեսպաշտության, կոռուպցիայի և անամոթության ամենաակնհայտ ցուցիչն է»,– գրել է Յավաշը X-ում իր միկրոբլոգում։
Ըստ նրա՝ «Գազայում հազարավոր անմեղ երեխաների, կանանց և խաղաղ բնակիչների կոտորած, սովն ու ծարավը որպես զենք օգտագործած և հիվանդանոցներն ու դպրոցները ոչնչացրած անձն իրավունք չունի մարդկության մասին մի խոսք անգամ ասելու»։
«Թուրք ազգը երբեք չի հաշտվի իր պատմության խեղաթյուրման հետ։ Ես խստորեն դատապարտում եմ Նեթանյահուի հայտարարություններն ու ևս մեկ անգամ ընդգծում, որ ստերը չեն կարող լվանալ անմեղ մարդկանց արյունը իր ձեռքերից»,– հայտարարել է Անկարայի քաղաքապետը, հայտնում է Factor.am-ը։
Դրանից առաջ էլ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը էր կոշտ արձագանքել Նեթանյահուի հայտարարությանը՝ հերթական անգամ մերժելով Հայոց ցեղասպանության փաստը։






