AM
1 Սեպտեմբեր 2025 - 11:39 AMT

Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ–ին անդամակցելու հայտը

AnewZ հարթակի հաղորդմամբ՝ Հնդկաստանը հերթական անգամ արգելափակել է Ադրբեջանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) լիիրավ անդամակցության դիմումը։ Ըստ աղբյուրների՝ Նյու Դելիի դիրքորոշումը պայմանավորված է Ադրբեջանի և Պակիստանի սերտ կապերով, գրում է Sputnik Արմենիան։

Միևնույն ժամանակ, Չինաստանը վերահաստատել է իր աջակցությունը Բաքվի հայտին։

Չինաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկկողմ հանդիպում է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ, որի ընթացքում շնորհարվոլե է Պակիստանին «Հնդկաստանի հանդեպ հաղթանակի կապակցությամբ», հայտնում է Minval.az-ը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ Ալիևը նաև ասել է, թե Հնդկաստանը «փորձում է վրեժխնդիր լինել Ադրբեջանից միջազգային հարթակներում՝ ի պատասխան Բաքվի և Իսլամաբադի դաշնակցային հարաբերությունների»։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը սեպտեմբերի 1-ին Տյանցզինում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ասել է, որ Չինաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի անդամակցությանը ՇՀԿ-ին՝ որպես մշտական անդամներ։

«Այս երկրներն այժմ ունեն Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկերների կարգավիճակ»,- նշել է Ծինփինը։