Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ Իրանը հայտնել է իր աջակցությունն Ադրբեջանին և Հայաստանին միջև խաղաղ համաձայնագրին, որը նպատակ ունի ամրապնդել կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում։
Նա նաև ասել է, որ Թեհրանը դեմ է Հարավային Կովկասի գործերին ցանկացած արտաքին միջամտությանը։ Նա ընդգծել է, որ հենց այս սկզբունքի վրա է հիմնված Իրանի ձգտումը զարգացնել և խորացնել համագործակցությունն իր հարևանների հետ, հայտնում է Minval.az-ը։
«Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ավելացման համար անհրաժեշտ է պարզեցնել բանկային և մաքսային համագործակցությունը։ Իրանը պատրաստ է աջակցել մեր երկրների միջև հարաբերությունների բարելավման գործընթացի արագացմանն ու փոխադարձ համագործակցության զարգացմանը խոչընդոտող ցանկացած արգելքի վերացմանը», — նշել է Իրանի նախագահը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






