AM
2 Սեպտեմբեր 2025 - 08:30 AMT

Ադրբեջանցիները քանդում են Ստեփանակերտում գտնվող Արցախի ԱԳՆ շենքը՝ օրը պատահական չի ընտրվել

Սեպտեմբերի 2–ին ադրբեջանցիները Ստեփանակերտում մեկնարկել են Արցախի Արտաքին հարաբերությունների նախարարության շենքի քանդման աշխատանքները։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ապամոնտաժման օրը պատահական չի ընտրվել՝ սեպտեմբերի 2–ն Արցախի Հանրապետության Անկախության օրն է։

«Ապամոնտաժման աշխատանքների մեկնարկի ամսաթիվը խորհրդանշական է Ադրբեջանի համար, քանի որ սեպտեմբերի 2-ը նախկինում նշվել է որպես անջատողական կառույցի հռչակման տարեդարձ»,–գրում է Media.az-ը։

Նշվում է, որ այդ շենքում անցկացվել են հանդիպումներ հայամետ արտասահմանյան քաղաքական գործիչների հետ, «ապօրինի կերպով տրվել են մուտքի վիզաներ և տրամադրվել են ոչ լեգիտիմ լրագրողական հավատարմագրեր օտարերկրյա լրատվամիջոցների համար»։

«Նույն շենքում հնչել են սադրիչ հայտարարություններ Դավիթ Բաբայանի և այլոց կողմից, ովքեր այժմ գտնվում են քննության տակ Բաքվում։ Մասնավորապես, Բաբայանն ասել է, որ «Ադրբեջանի դրոշը Ղարաբաղում կարող է հայտնվել միայն դեսպանություն բացվելու դեպքում»։

Այսպիսով, ապամոնտաժման մեկնարկի ընտրությունը հենց սեպտեմբերի 2-ին ոչ միայն քաղաքական, այլև սիմվոլիկ նշանակություն ունի»,–ասվում է հրապարակման մեջ։

ԱԳՆ շենքի տեղում ադրբեջանցիները մտադիր են «ճարտարապետության և քաղաքաշինական վարչության» շենք կառուցել։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։